Մարգվելաշվիլին հույս ունի «ռացիոնալ հարաբերություններ» հաստատել Պուտինի հետ

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հույս ունի ժամանակի ընթացքում «ռացիոնալ հարաբերություններ» հաստատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Պուտինն այն մարդն է, որի հետ, հուսով եմ, ինչ-որ փուլում կհաստատվեն ռացիոնալ հարաբերություններ: Մինչ այդ ես չեմ ցանկանում փչացնել առկա հարաբերությունները՝ ավելորդություններ ասելով եւ անհարկի քաղաքավարի չլինելով»,- հայտարարել է Մարգվելաշվիլին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում:

Դրա հետ մեկտեղ Վրաստանի նախագահը Ռուսաստանի քաղաքականությունը որակել է «թշնամական ու ագրեսիվ» եւ նշել, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ, եթե երկխոսությունը ծավալվի կոնկրետ հարցերի շուրջ:

«Այսօր առկա է Ռուսաստանի հետ հարաբերությունների երկու ձեւաչափ: Մեկը Ժնեւի բանակցություններն են, երկրորդը՝ Աբաշիձեի եւ Կարասինի երկխոսությունը: Այդ ձեւաչափերում քննարկվում են որոշակի հարցեր: Նախագահների հանդիպումը պետք է վերաբերի այնպիսի հարցերի, որոնք վեր են այդ հարցերից, իսկ նման հարցերը շատ են՝ տարածքային ամբողջականությունը, հարկադիր վերաբնակների խնդիրները եւ ուրիշներ»,- ասել է Մարգվելաշվիլին, հաղորդել է «Նովոստի Գրուզիա»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում