Հայաստանում խոշոր հարկ վճարողների ցանկում առաջատարը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն է
Նմանատիպ
ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն ամփոփ տեղեկատվություն է հրապարակել՝ 2012 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է Panorama.am-ը, հաշվետու առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն: Ընկերությունը հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է վճարել 18.2 մլրդ դրամ:
Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի առաջին եռյակում հայտնվել են նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը (Քաջարան) և «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որոնք, պետական բյուջե վճարելով համապատասխանաբար 13.3 մլրդ դրամ և 9.3 մլրդ դրամ, զբաղեցնում են Հայաստանի խոշոր հարկ վճարողների վարկանիշի երկրորդ և երրորդ տեղերը:
«Ղ-Տելեկոմ» ընկերությունը (ապրանքային նշանը’ Վիվասել-ՄՏՍ), այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե վճարելով 7.2 մլրդ դրամ ընդհանուր ծավալով հարկեր և տուրքեր, հայտնվել է հանրապետության խոշոր հարկատուների ցուցակի չորրորդ հորիզոնականում: Առաջին հնգյակը եզրափակում է «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» («Արմենտել») ընկերությունը՝ վճարելով մոտ 6 մլրդ դրամ:
2012 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով իրենց հարկային պարտավորությունների կատարման շնորհիվ Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում են հայտնվել նաև «Ֆլեշ» ընկերությունը, որը հաշվետու ամիսների ընթացքում վճարել է մոտ 5 մլրդ դրամ դրամ, ինչպես նաև վառելիքի շուկայում մեկ այլ գերիշխող դիրք զբաղեցնող «Սիթի Պետրոլ գրուփը» (մլրդ 4.1 դրամ)՝ զբաղեցնելով 8-րդ տեղը:
Խոշոր հարկատուների առաջին տասնյակում տեղ են գտել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (4.6 մլրդ դրամ), «Դինո Գոլդ Մայնինգ քամփընի»-ն (2.9 մլրդ դրամ):
Հայաստանի խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակը եզրափակում է Հայկական ատոմակայանը՝ վճարելով 3 մլրդ դրամ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում