Գյուլենը նշել է Էրդողանին ներելու պայմանները

ԱՄՆ-ում վտարանդի, արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենը համացանցում տարածած տեսանյությում, դիմելով իրեն թիվ մեկ թշնամի հայտարարած Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հայտարարել է, որ կների և կհաշտվի նրա հետ, եթե վերջինս խոստովանի «իր կատարած գողությունները և ժողովրդին արած սուտ հայտարարությունները»: 

«Ներողություն են խնդրում` ապաշխարելով, խոտովանելով սուտը, զրպարտանքը, վրեժի զգացմունքը, գողությունը, կեղտոտ գործերը: Եթե ասի, որ ներողություն է խնդրում ազգից, ապա դա կընկալվի որպես ապաշխարանք: Ալլահը դա կընդունի, մենք էլ կընդունենք», -ասել է նա:

Յոթանասուներեքամյա Ֆաթուլլահ Գյուլենը նախկինում եղել է Էրդողանի մերձավոր կողմնակիցը և Թուրքիայի ներկայիս նախագահին օգնել է իշխանության գալ: Էրդողանը Գյուլենին մեղադրում է պետական հեղաշրջման փորձի և բարձրաստիճան պետծառայողների հեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելու մեջ, որոնց մի մասի վերծանումն օգտագործվել է անցյալ դեկտեմբերի 17-ին` Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի և կառավարության 4 անդամների մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում