Էկոնոմիկայի նախարարի մամուլի ասուլիսը թեթև նկարած թվերի ներկայացում էր
Նմանատիպ
Էդգար Սասունցի Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`
Երեկ ասուլիս տվեց նաև էկոնոմիկայի նախարարությունը: Այստեղ էլ չեմ կարող դրական բաներ ասել, որովհետև շատ բացեր նկատեցի, հիմա հերթով խոսենք բացերի մասին:
Այ օրինակ Կարեն Ճշմարիտյանը չխոսեց «Կամայական ոչ պարենային» ապրանքների մասին: Պրն. Նախարարը երևի չգիտի, բայց ես կասեմ, որ դա կարևոր ոլորտ է: Այդ ապրանքների որակի ու անվտանգության պատասխանատուն էկոնոմիկայի նախարարությունն է: Ամեն տարի խոսում ենք պայթուցիկների ու ճայթուկների մասին, որոնք վնաս են հասցնում երեխաներին իրենց վատ որակի պատճառով, բայց չգիտես խի՝ չենք ուզում կարգավորել այդ ոլորտը: Դիմացը Ամանոր է, երեխաները «բոմբերը» կգնեն, ձեռքների մեջ կտրաքի, ու մենք կրկին կհշենք դրանց վատ որակի մասին: Նույնը հագուստի շուկայում է, չկա վերահսկողություն ու անվտանգություն: Հագուստի միջոցով հազար ու մի մաշկային հիվանդություն կարող է առաջանալ, իսկ մենք չգիտենք՝ այդ հագուստը Թուրքիայից է, Չինաստանից, թե Իտալիայից: Խնդրում եմ չմոռանալ, որ այս ոլորտները նույնպես Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ են:
Մենք մյուս տարի ԵՏՄ անդամ ենք դառնում, ու որոշ ապրանքների մաքս թանկանալու է: Բայց կարելի է խուսափել առօրյա կյանքում թանկացումներից, եթե էկոնոմիկայի նախարարությունը ջանք գործադրի ու այլ շուկաներ ման գա, որտեղ նույն ապրանքն ավելի մատչելի է: Եթե ապրանքը մատչելի գտնեն ու պարտավոր են գտնել, ապա մաքսի թանկացման դեպքում ապրանքները այսպես թե այնպես չեն թանկանա: Սենց բաների մասին խոսելն է կարևոր:
Նախարարը նշում է, որ 3.8 տոկոս տնտեսական աճ է գրանցվել, բայց փողոցներում իրականությունն այլ է: Քայլում ես քաղաքի բանուկ հատվածներով ու 20 մետրը մեկ տեսնում ես՝ ինչ-որ մեկն իր տարածքը վաճառում կամ վարձով է տալիս: Տնտեսական աճի այդպիսի թվերի դեպքում այս պատկերը չպետք է լիներ: Ստացվում է՝ թեթև նկարչություն է այդ թվեր ներկայացնելը:
Չգիտես ինչու՝ նախարարը խոսեց մոնոպոլիայի մասին, հիշեցնեմ՝ դա էկոնոմիկայի նախարարության ոլորտը չէ: Փաստեմ, նախարարը ճիշտ է ասում՝ մենաշնորհը նորմալ բան է, բայց դրա չարաշահումն է վատ: Քանի որ նախարարը մտել է ուրիշի ոլորտ, պետք է հարցնեմ՝ Դուք ի՞նչ վերահսկողության մեխանիզմներ եք առաջարկում, ու պետք է նշեմ, որ Հայաստանում վերահսկողության խնդիր կա: Գները բարձրացան, բայց չիջան: Վերջին օրերի վառ պատկեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում