ՀՅԴ-ն հաստատել է իր թեկնածուի անունը Գյումրու քաղաքապետի ընտրություններում

ՀՅԴ-ն այսօր հաստատել է Գյումրու քաղաքապետի ընտրություններում իրենց թեկնածուի անունը . Շիրակի մարզպետարանի աշխատակից Հովսեփ Սիմոնյանին են սատարելու:

Ինչպես տեղեկացնում է «Առավոտ» օրաթերթը, պարոն Սիմոնյանը վստահ է, որ իր ապրած կյանքով, իր գործունեությամբ ինչ-որ բան թողել է Գյումրիում, ինչի համար ազգաբնակչությունը իրեն կնախընտրի, կքվեարկի հենց իր օգտին. «Ես մի շարք պաշտոններում եմ աշխատել, Գյումրու ազգաբնակչությունը տեսել է, կուսակցական աշխատանքներ եմ կատարել Դաշնակցության մեջ, արցախյան պատերազմի ժամանակ նաեւ ակտիվ մասնակցություն եմ ունեցել, ինձ ճանաչում են, չգիտեմ ինչ չափով կնախընտրեն ու ձայներ կտան»:

Թերթը հետաքրքրվել է՝ մտավախություն չունի՞, որ ԲՀԿ-ի թեկնածու Սամվել Բալասանյանին ՀՀԿ-ի սատարելու որոշումը կթուլացնի իր դիրքերը. «Ես բացարձակապես մտավախություն չունեմ, որովհետեւ ինչքան էլ օգուտ է տալիս, այդքան էլ կարող է վնաս տալ, այդ գործողությունը երկու երես ունի: Վերջնական որոշումը ժողովրդինն է, եթե այսօր մեկը վերեւից փորձում է ասի, որ … նշանակովի պաշտոն չէ , որ ես հասկանամ, որ որոշումով կամ հրամանագրով ինչ-որ մեկին պաշտոնի նշանակեցին: Սա ընտրովի պաշտոն է, եթե մեկը փորձում է ընտրովի պաշտոնում նշանակումներ կատարել, առաջին հերթին ճիշտ բան չի անում, երկրորդ հերթին էլ ժողովուրդը դրան պատասխան ունի տալու: ՀՀԿ-ն էլ կուսակցություն է , իրավունք ունի ինչ-որ մեկին առաջադրել, ու սատարել, իմ կարծիքով իշխանությունը մեկ խնդիր ունի՝ ազատ, արդար ազնիվ ընտրություններ ապահովել: Այն ընտրությունները, որ տեղի ունեցան մի քանի ամիս առաջ, այն թերություններն ու բացթողումները, որ մեր պատկերացմամբ կային, ժողովուրդն ինչ-որ մի ձեւով իր մեջ կգտնի եւ այդ թերությունները չի անի»:

Հիշեցնենք, որ պարոն Սիմոնյանը 2002-ին էլ էր մասնակցում Գյումրու քաղաքապետի ընտրություններին: Ինքնաառաջադրված Սիմոնյանը ընտրապայքարի կեսից ինքնաբացարկ էր ներկայացրել: Այն հարցին, թե հնարավո՞ր է այս անգամ էլ ընտրապայքարի կեսից հրաժարվի շարունակել. «Քարոզարշավի ժամանակ մթնոլորտն այնքան էր շիկացել, որ ցանկություն չունեցա շարունակել, մյուս պատճառն էլ այն էր, որ կային այլ թեկնածուներ, մենք բանակցեցինք, եւ իմ հակառակորդներից որոշները պնդում էին, որ իրենց հնարավորությունները շատ մեծ են, եթե ես իմ թեկնածությունը հանեմ, հնարավորություն կտամ իրենց քաղաքապետ ընտրվել, ես էլ փորձեցի այդ մեկ քայլն ի շահ իրենց կատարել: Այս անգամ չի լինելու, եթե մի անգամ հնարավորություն ենք տվել , երկրորդ անգամ հնարավորություն չի տրվի որեւէ մեկին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում