Մեծ Բրիտանիայում Էբոլայով հիվանդանալու դեպք է գրանցվել
Նմանատիպ
Շոտլանդիայի կառավարությունը հաստատել է, որ Գլազգոյում Էբոլա տենդի մահացու վիրուսով հիվանդանալու դեպք է գրանցվել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Վիրուսն ախտորոշվել է Gartnavel հոսպիտալում մի կնոջ մոտ, որը վերջերս է վերադարձել Սիեռա Լեոնեից:
Նա Սիեռա Լեոնեից ինքնաթիռով Շոտլանդիա է ժամանել դեկտեմբերի 28-ի երեկոյան Կասաբլանկայում (Մարոկո) եւ Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում միջանկյալ վայրէջքներից հետո:
Հիվանդին մեկուսացրել են վարակված հիվանդների համար նախատեսված հատուկ բլոկում:
Ներկայում ուսումնասիրվում են հիվանդի բոլոր հնարավոր շփումները: Շոտլանդիայի կառավարությունում նշել են, որ հիվանդությունն ախտորոշվել է վաղ փուլում, ուստի մարդկանց հնարավոր վարակման վտանգը շատ փոքր է:
Ինչպես մամուլի ասուլիսում հայտնել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստուրջենը, հիվանդը հոսպիտալ է տեղափոխվել նման դեպքերում անհրաժեշտ նախազգուշական միջոցառումների պահպանմամբ եւ չի շփվել կլինիկայի այլ հիվանդների հետ:
British Airways ավիաընկերությունը, որի չվերթով վարակված կինը Լոնդոնից ժամանել է Գլազգո, արդեն հայտարարել է, որ համագործակցում է իշխանությունների հետ:
«Շոտլանդիան նման բանի հնարավորությանը նախապատարստվում էր Արեւմտյան Աֆրիկայում հիվանդության բռնկման սկսվելուց ի վեր, եւ ես վստահ եմ, որ մենք լավ ենք նախապատրաստված»,- ասել է Սթուրջենը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն՝ Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության զոհերի թիվը հասել է 7842-ի, վարակված է 20 հազար 81 մարդ: ԱՀԿ-ի վիճակագրությամբ ներառված հիվանդանալու բոլոր դեպքերը վերաբերում են Արեւմտյան Աֆրիկայի երեք երկրի՝ Գվինեային, Լիբերիային եւ Սիեռա Լեոնեին:
Իրադրությունն առավել ծանր է մնում Լիբերիայում, որտեղ մահացել է 3413 մարդ: Մինչդեռ Սիեռա Լեոնեում առավել մեծ է վարակվածների թիվը՝ 9409: Գվինեայում թե մահացածների, թե հիվանդացածների թիվը զգալիորեն ավելի պակաս է, քան վերը նշված երկու պետություններում եւ կազմում է համապատասխանաբար 1697 եւ 2695:
Դեկտեմբերի 26-ից արեւմտաաֆրիկյան այդ երեք երկրներում համաճարակի զոհերի թիվն ավելացել է 149-ով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում