Ինչու՞ չի ԲՀԿ-ական քաղաքապետը պարզաբանում Արցախում զինծառայողի բնակարանը վաճառելու հետ կապված հարցը
Նմանատիպ
Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը, որը մեղադրվում է Լեռնային Ղարաբաղում պայմանագրային զինծառայողի բնակարանը վաճառելու համար, դրժեց խոստումը և, ինչպես խոստացել էր, արդեն քանի օր է` պարզաբանումներ չի ներկայացրել:
Նշենք, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի 1-ին հանրակացարանի բնակիչ Հերմինե Պետունցը, որը իր զինծառայող ամուսնու հետ այժմ ժամանակավոր բնակվում է Լեռնային Ղարաբաղում, «Առավոտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, թե հանրակացարանի իր բնակարանը Բյուրեղավանի քաղաքապետը վաճառել է և այժմ իրենք կանգնած են փաստի առաջ:
«Ես զարմացա, անմիջապես վերադարձա Բյուրեղավան, տեսա՝ իրականում մեր դռան փականը կոտրել են, բացել են, իսկ բնակարանն էլ վաճառվել է Դերո անունով մեկին՝ 650 000 դրամով: Ինչպե՞ս կարելի է վաճառել բնակարանը, եթե ես իմ չորս երեխաների հետ հաշվառված եմ այդ բնակարանում, և բնակարանը պատկանում է ինձ»,- թերթին ասել է Հերմինե Պետունցը:
Օգնության հույսով տիկինը դիմել է Կոտայքի մարզի դատախազություն, նախագահի աշխատակազմ, սակայն այստեղից նրա նամակն ուղարկել էին Կոտայքի մարզպետարան:
Panorama.am-ը կապվել էր Բյուրեղավանի ԲՀԿ-ական քաղաքապետ Հակոբ Բալասյանի հետ և փորձել իրավիճակի մասին պարզաբանումներ ստանալ: Սակայն վերջինը այդ տեղեկությունները համարել էր թյուրիմացություն, ասել, որ «ընտենց բան չկա» և խոստացել մանրամասն ներկայացնել ամեն ինչ:
Աղբյուրը նաև նշում է, որ արդեն մի քանի օր է, ինչ իրենց խմբագրությունից փորձում են զանգահարել քաղաքապետին, սակայն նա չի վերցնում հեռախոսը, իսկ քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Հակոբ Բալասյանն այժմ գտնվում է արձակուրդում:
Կոտայքի մարզպետի մամլո խոսնակ Կարեն Մարգարյանն էլ Panorama.am-ին տեղեկացրեց, որ խնդրի վերաբերյալ խոսել են քաղաքապետ Հակոբ Բալասյանի հետ, և նա խոստացել է «ամեն ինչ ասել, տալ պարզաբանումներ»: «Շուտով նա հայտարարությամբ հանդես կգա լրատվամիջոցներին», -փոխանցեց Մարգարյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում