Ալիևի երկու երեսները. The New York Times

Ալիևի  երկու երեսները. The New York Times

 The New York Times հանրահայտ պարբերականի խմբագրական աշխատակազմը անդրադարձ է կատարել Ադրբեջանի բռնապետ առաջնորդ Իլհամ Ալիևին և նրա տեսակի երկակիությանը:

«Ադրբեջանի պարոն Ալիևի երկու երեսները» հոդվածում, խմբագրակազմը, հղում կատարելով Վիկիլիքսի աղբյուրներին, գրում է, որ մի կողմից Ալիևը համարվում է մաֆիայի կնքահայրը, իսկ մյուս կողմից նրա մոտ դրսևորվում պրո-արևմտյան հակումները: Որպես օրինակ` նշվում է, որ նա մշտապես լավ է հագնվում, խոսում է անգլերեն, պատրաստ է գազ մատակարարել Եվրոպային և Իսրայելին, նրա Իսլամը ժամանակակից է, և նա հյուրընկալում է շքեղ եվրոպական միջոցառումներ, ինչպիսին Եվրատեսիլ երգի մրցույթն էր երեք տարի առաջ կամ այս հունիսին սպասվող Եվրոպական խաղերը:

Ի հակադրություն այս ամենի նա կոռումպացված է և նրա ավտորիտար ռեժիմը աշխարհում վատագույններից է մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից:

Հոդվածում նշվում է նաև Ալիևի ռեժիմի կողմից հետապդնվող Ազատություն ռադիոկայանի մասին, անմասն չի մնում նաև նշանավոր լրագրող Խադիջա Իսմայիլովայի ձերբակալության մասին դրվագը: Հոդվածում խոսում են նաև նշանավոր իրավապաշտպաններ Լեյլա Յունուսի և նրա ամուսին Արիֆ Յունուսի ձերբակալության մասին:

Հեղինակները նշում են, որ Ադրբեջանի բնական ռեսուրսները ստիպում են Արևմուտքին ընտրություն կատարել ազգային շահի և իրենց արժեքների միջև:

Չնայած որ Արևմուտքը հաճախ աչք է փակում Ալիևի բռնապետական արարքների վրա, սակայն Ալիևը չի դադարում զգուշանալ Արևմուտքից և իր ռեժիմի համար վտանագներ է տեսնում: Այս մասին է վկայում Ալիևի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեխտիևի վաթսուն էջանոց մանիֆեստը որտեղ Արևմուտքի կողմից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպությունները ներկայացվում են հինգերորդ շարասյուն, որոնք երկրում հեղափոխություն են նախապատրաստում:

The New York Times–ի խմբագիրները խորհուրդ են տալիս Արևմուտքին Ալիևի հետ հարաբերություններում ճանաչել նրա իրական դեմքը: Ալիևի հետ գործարք կատարելով` նրանք տեղյակ չեն, թե ինչ վնաս է Ալիևի հասցնում իր սեփական երկրին:

 

 

 

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում