Քաղաքապետի հանձնարարականով Երևանում կվերականգնվի երբեմնի կանաչապատ ու ծառերով հարուստ միջավայրը
Նմանատիպ
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվական և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մայրաքաղաքի 12 վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների տնօրենների հետ: Գոհունակություն հայտնելով կանաչապատման ընկերությունների աշխատակիցների ամենօրյա նվիրված աշխատանքի արդյունքներից, Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ դրանք ակնհայտ են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:
Քաղաքապետը նաև հավելել է, որ թիմային աշխատանքի արդյունքում աստիճանաբար լուծում են ստանում նաև կանաչապատման ոլորտում Երևանի համաչափ զարգացման համատեքստում առաջադրված խնդիրները.<<Մայրաքաղաքի կանաչապատման ու ծաղկապատման գործում այս տարի գրանցած դրական տեղաշարժն ակնհայտ է: Դրա վառ ապացույցը նաև երևանցիների ու մայրաքաղաքի բազմաթիվ հյուրերի կողմից տրվող գնահատականն է: Թեև արդյունքն իսկապես գոհացուցիչ է, սակայն կհորդորեմ չբավարարվել եղած արդյունքով և նույն եռանդով շարունակել աշխատանքները: Մեր և մեր համաքաղաքացիների ցանկությունն է վերականգնել երբեմնի կանաչապատ ու ծառերով հարուստ Երևանը, և մենք, վստահ եմ, թիմային ու նվիրված աշխատանքով մի քանի տարի անց կհասնենք այդ արդյունքին>>,- նշել է քաղաքապետը:
արոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է ներկայացնել առաջարկություններ’ կանաչապատման բնագավառում նոր մոտեցումներ կիրառելու ուղղությամբ: Բացի այդ, քաղաքապետն առաջարկել է մայրաքաղաքի կանաչապատման գործին ներգրավել նաև բնակիչներին ու շահագրգիռ ընկերություններին.<<Երևանցիների կողմից բարձրացվող խնդիրների ու առաջարկների արդյունքում է նաև, որ մայրաքաղաքում կատարած աշխատանքներն առավել առարկայական ու շոշափելի են դառնում: Բացի այդ, չմոռանանք, որ իրականացվող աշխատանքներում ներգրավվելով ու անձամբ մասնակցելով, մեր քաղաքացիներն այդուհետ առավել մեծ հոգատարություն ու խնամք են ցուցաբերում դրանց նկատմամբ>>,- ընդգծել է քաղաքապետը:
Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման, էկոլոգիական վիճակի բարելավման ու կանաչապատման ոլորտում կայուն զարգացում ապահովելու նպատակով, Տարոն Մարգարյանը կարևորել է նաև Երևանը անտառաշերտի բուֆերային գոտով շրջապատելու մոտեցումը, իսկ գեղարվեստական ձևավորման համատեքստում էլ հանձնարարել է ավելացնել ծաղկային գեղեցիկ ու ինքնատիպ լուծումներով ձևավորման աշխարհում ընդունված և մեզ մոտ արդեն կիրառվող մոտեցումները:
Կանաչապատման ընկերությունների տնօրեններն իրենց հերթին առաջարկել են կանաչ տարածքների ցանքսն իրականացնել աշնանը, որպեսզի արդեն վաղ գարնանը ապահովվեն կանաչապատ սիզամարգերն ու ծաղկային ձևավորմամբ տարածքները: Սրան զուգահեռ առաջարկվել է ավելացնել ծաղկատեսակներն ու ծառատունկ իրականացնել նաև գնդաձև ակացիաներով:
Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի 12 վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների տնօրեններին հանձնարարել է ներկայացնել աշխատանքային հստակ ծրագրեր, որոնց հիմքով կնախապատրաստվի Երևանի կանաչապատման ու ծաղկապատման 2013թ.-ի համալիր ծրագիրը: