Գոհար Պողոսյանին ապօրինի են ազատել աշխատանքից
Նմանատիպ
Times.am գործակալության կայքէջում հրապարակված «ԱԺ նախագահի մամլո խոսնակը լրագրողներին պայծառ ապագա է խոստանում» վերտառությամբ նյութը բավական հետաքրքրություն է առաջացրել մեր ընթերցողների շրջանում: Ավելին, օրվա երկրորդ կեսին Գոհար Պողոսյանի մասնագիտական գործունեության մասին տեղեկություններ են հրապարակվել նաև այլ էլեկտրոնային լրատվամիջոցների էջերում, համաձայն որոնց ԱԺ նախագահի մամլո խոսնակը փորձում է վրեժ լուծել ԱԺ բոլոր այն աշխատակիցներից, ովքեր Սամվել Նիկոյանի օրոք կապ են ունեցել իրեն հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնից ազատելու հետ: Ըստ մամուլում տարածված տեղեկությունների, ցանկում առաջինը ԱԺ կադրերի կառավարման վարչության պետ Վարդուհի Խաչատրյանն էր: Որոշ տեղեկություններով՝ հաջորդը Հրայր Զորյանն է, ով զբաղեցնում է Գոհար Պողոսյանի նախկին պաշտոնը:
«Սրան զուգահեռ, Գոհար Պողոսյանը, չնայած մասնագիտական համեստ կարողություններին, ինքն էլ պաշտոնական վերելքի է ձգտում: Նա, մասնավորապես, հավակնում է ԱԺ նախագահի առաջին խորհրդականի պաշտոնին: Այդկերպ Գոհար Պողոսյանը կունենա անորոշ, բայց՝ լայն լիազորություններ և գործելու ազատություն: ԱԺ առանձին աշխատակիցների պնդմամբ՝ Գոհարն արդեն իսկ «ստանձնել» է այդ պարտականությունները, և այս օրերին լծվել է իր անհրաժեշտությունն ապացուցելու գործին՝ դրան ծառայեցնելով տարատեսակ դավերի քողազերծումը ինչպես ԱԺ աշխատակազմում, այնպես էլ՝ լրատվամիջոցներում: Բնականաբար, «տապալված դավերին» հաջորդում է վհուկների որսը, իսկ վհուկներին հնարում է հընթացս: Սպասվում է, որ արդեն սեպտեմբերին Գոհար Պողոսյանի թիրախում հայտնված մի շարք աշխատակիցներ կզրկվեն իրենց պաշտոններից, իսկ անցանկալի լրագրողների մուտքն ԱԺ կարգելափակվի», – գրում է Panorama.am գործակալությունը:
Եվ քանի դեռ հայկական լրատվամիջոցներն ու Facebook սոցիալական ցանցի օգտատերերը քննարկում են Գոհար Պողոսյանի մասնագիտական կարողությունները, Ազգային ժողովի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ժամանակին Սամվել Նիկոյանն ապօրինի է հեռացրել նրան զբաղեցրած պաշտոնից: Գոհար Պողոսյանին աշխատանքից հեռացնելու հիմքերը ստանալու համար Times.am գործակալությունն արդեն դիմել է ԱԺ: Մի կողմ դնելով ԱԺ նախագահի մամլո խոսնակի մասին տարածված բամբասանքների ձևն ու բովանդակությունը’ մեզ համար առաջին հերթին կարևոր է հասկանալ, թե ինչ սկզբունքով են ժամանակակից Հայաստանում մարդիկ աշխատանքի ընդունում կամ ազատում այս կամ այն ոլորտի պատասխանատուներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում