Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության հատվածի կորուստներն աճել են

Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության հատվածի կորուստներն աճել են

Հրապարակվել է Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության հատվածի 2014 թվականին կորուստների վիճակագրությունը: «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտից (Caspian Defense Studies Institute) «Meydan TV» հեռուստաալիքին տրված տեղեկության համաձայն (հեղինակ` Ջասուր Սումերենլի), զանգվածային լրատվական միջոցներում անցկացված մոնիտորինգի արդյունքներով` 2014 թվականի ընթացքում Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության հատվածի կորուստը կազմել է 91 հոգի: Այդ ժամանակաշրջանում 117 հոգի վիրավորվել կամ էլ վնասվածք են ստացել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ինստիտուտի վերլուծությունների համաձայն, 2013 թվականի հետ համեմատ, 2014 թվականին Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության հատվածի կորուստներն աճել են: 2013 թվականին զոհվել են 81, եւ վիրավորվել 99 հոգի:

Ըստ այդ ուսումնասիրության, 2014 թվականին Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության հատվածում մահացածներից 29-ը մարտական, 4-ը ականի պայթյունից, 58-ը ոչ մարտական կորուստներն են:

Ինստիտուտը հայտնել է, որ 2014 թվականին գրանցվել է վերջին 10 տարվա ընթացքում ամենաշատ կորուստը: 2013 թվականին մարտական պայմաններում Ադրբեջանում զոհված զինծառայողների թիվը կազմել է 11 հոգի:

Ինստիտուտի տվյալներով, աճ է գրանցվել նաեւ ինքնասպանությունների եւ ոչ կանոնադրական դեպքերի թվում: 2014 թվականին ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով զոհվել են 11 զինծառայող: 17 զինծառայող ինքնասպանություն են գործել կամ էլ մահացել անզգուշությունից: Անցյալ տարի 13 հոգի մահացել են ավտովթարից, 3 հոգի` դժբախտ դեպքերից (ջրում խեղդվել, էլեկտրականությունից հոսանքահարվել), 4-ը` անհայտ պատճառով, 10-ը` հիվանդությունից:

ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, 2014 թ. մահացածներից 80-ը եղել են պաշտպանության նախարարության, մնացածները արդարադատության նախարարության, ներքին զորքերի եւ պետական սահմանային ծառայության զինծառայողներ:

23 հոգի վիրավորվել կամ վնասվածք են ստացել ոչ կանոնադրական դեպքերի (այդ թվում` անզգուշության), 37-ը` ավտովթարի արդյունքում, 26-ը` հակառակորդի գնդակից, 8-ը` ինքնասպանության փորձի, 11 հոգի ականի պայթյունի, 3 հոգի նռնակի պայթյունի պատճառով, 2 հոգի վիրավորվել են զինավարժանքների ժամանակ, 6 հոգի դժբախտ դեպքերի (հոսանքահարվել, վառվել) պատճառով, 1 հոգի թունավորվել է:

Նրանցից 101-ը ՊՆ, 7-ը` ներքին զորքերի, 7-ը` պետական սահմանային ծառայության, 1 հոգի մոբիլիզացիայի եւ զորակոչի գծով պետական ծառայության, 1 հոգի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պահակային գնդի զինծառայողներ են:

Իրականում, սակայն, Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության հատվածում կորուստները 2014 թվականին շատ ավելի մեծ են, քանի որ այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահի 2014 թվականի սեպտեմբերի 24-ի հրամանով մշակվեց տեղեկատվական անվտանգության նոր հայեցակարգ, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը չի հրապարակում մահվան ելքերով տեղեկությունները` փորձելով կոծկել դրանք, իսկ պաշտոնական հաղորդագրությունները բանակում եւ ուժային կառույցներում զոհերի եւ վիրավորների վերաբերյալ գրեթե բացառվեցին:

«Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտը ստեղծվել է 2014 թվականի հոկտեմբերին: Եվրոպայում ստեղծված կառույցի նպատակը Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի զինված ուժերում իրավիճակի, տարվող ռազմական քաղաքականությունների վերլուծությունն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում