«Ժողովուրդ». Գյուղը դատարկվել է. Գետքի համայնքապետ
Նմանատիպ
Շիրակի մարզի Գետքի համայնքապետ Հովիկ Մխիթարյանը Ժողովուրդ»–ի հետ հեռախոսազրույցում ասել է. «Գյուղը դատարկվել է, տղամարդ չկա, ես եմ մնացել, էլեկտրիկը, մեկ էլ ջրի մարդը»: Նրա տեղեկացմամբ՝ անասնապահության և հողագործության ծանր լուծը մնացել է կանանց ուսերին. «60 հա կարտոֆիլի ցանքս ունենք, կանայք են մշակում»։ Վերջինիս խոսքերով՝ գյուղում հաշվառված է 627 մարդ, շուրջ 56-ը երիտասարդներ են։ Նրանց զգալի մասն աշխատում է ՌԴ– ում, ու սեզոնին չեն էլ վերադառնում, իսկ վերջին 10 տարում 25 ընտանիք լքել է Գետքը։ Մխիթարյանի ասելով՝ անցյալ գարնանը 160 մարդ գնացել է խոպան, վերադարձել է 130-ը։ Գյուղն ունի 85 աշակերտ, մանկապարտեզ է հաճախում 19 երեխա:
Նշենք, որ գյուղը չունի գազաֆիկացում, գիշերային լուսավորում, մշակույթի տուն, իսկ ներհամայնքային ճանապարհներն անմխիթար են։ «Խմելու ջրագիծն ու ոռոգման ցանցն էն վատ թվերին տարածքային կառավարման նախարարությունը Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ գողացավ տարավ։ Մի քանի փաստաթուղթ սարքեցին, թե աշխատավարձ կտան, էդպես էլ չիմացանք, թե ինչպես թոզմիշ արեցին։ 1422 մմ տրամաչափի 1930 գծամետր տրուբա տարան կերան, էսօր մի ամբողջ գյուղ դրա պատճառով իր հողերի 50 տոկոսը չի մշակում։ Էս են մեր իշխանությունները։ Ախուրյան գետի և Ղարանղու գետակի հուներն էլ լայնացել են, գարնանը գյուղը կարող է ջրով ծածկվել»,–մտահոգված նկարագրեց համայնքի ղեկավարը