Ալիեւը Թուրքիա է մեկնում քննարկելու միջազգային հանրության հետ իր հարաբերությունների փչանալը. «Ազադլըգ»

Ալիեւը Թուրքիա է մեկնում քննարկելու միջազգային հանրության հետ իր հարաբերությունների փչանալը. «Ազադլըգ»

Հայտնի է դարձել Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւի հունվարի 15-ին Թուրքիա մեկնելու իրական պատճառը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, Ալիեւը Թուրքիա է մեկնում իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկելու միջազգային հանրության, հատկապես, ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունների փչանալը եւ ելք գտնելու ճանապարհները:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն` Ալիեւը Անկարա է մեկնում մասնակցելու Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 4-րդ համաժողովին մասնակցելու եւ երկու երկրներին հետաքրքրող տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ մտքեր փոխանակելու համար:

Թերթին հասած հավաստի տեղեկություններով, Ալիեւը Էրդողանի հետ պետք է քննարկի Արեւմուտքի դեմ համատեղ գործելու ծրագրեր: Հայտնի է, որ ներկայում Արեւմուտքի հետ Էրդողանի հարաբերությունները եւս լարված են: Հնարավոր է` Թուրքիայի նախագահը որպես դաշնակից նպատակահարմար է գտել Արեւմուտքի հետ դիմակայության մեջ գտնվող Իլհամ Ալիեւին:

Լուրեր են շրջանառվում նաեւ, որ Ալիեւը Էրդողանի հետ պետք է քննարկի, այսպես կոչված, «զուգահեռ կառույցի» հետ կապված Ադրբեջանում եւս միջոցառումներ անցկացնելու հարցը: Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հետ արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի միջեւ հարաբերությունների փչացումից անմիջապես հետո Էրդողանը Ալիեւին հանձնարարել էր իր մրցակցի հենարանները վերացնել նաեւ Ադրբեջանում: Դեռ այն ժամանակ Բաքու կատարած այցին Էրդողանը Ալիեւին էր ներկայացրել Ադրբեջանի իշխանության մեջ «գյուլենականների» (նուրսիստների) ցուցակը: Դրանից հետո Ալիեւի հանձնարարությամբ աշխատանքից հեռացվել էին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծությունների եւ տեղեկատվության ապահովման բաժնի ղեկավարը` «գյուլենական» համարվող Էլնուր Ասլանովը, նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ֆարհադ Մամեդովը, փակվեցին նաեւ «գյուլենականների» բոլոր դպրոցներն ու այլ ուսումնական հաստատությունները: Սակայն դեռ այն ժամանակ նշվում էր, որ այդ քայլերը չեն գոհացրել Էրդողանին, եւ վերջինս Ալիեւից պահանջում է ամբողջությամբ վերացնել «գյուլենական» ցանցը եւ խստորեն պատժել դրա նուրսիստ անդամներին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում