«Հրապարակ». Բնապահպանների բարձրացրած աղմուկն անտեղի է

«Հրապարակ»-ը անդրադարձել է օրերս մի խումբ բնապահպանների կողմից «Ֆեյսբուքով» և մի քանի լրատվամիջոցով տարածած այն հաղորդագրությանը ըստ որի՝ «անխնա կտրում են Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Մարցի, Քարինջի, Ահնիձորի, Շամուտի, Լորուտի անտառները»։ Ահազանգող քաղաքացին գրել էր, որ ինքը վերջերս է եղել նշված վայրերում, և գյուղացիների հետ զրույցում նրանք ասել են, որ հուլիսից է սկսվել «անտառասպանդը»։ «Հայանտառի» տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, սակայն, թերթի թղթակցի հետ զրույցում բնապահպանների բարձրացրած աղմուկն անտեղի է համարել՝ պարզաբանելով, որ, այո, այս օրերին նշված վայրերում հատումներ կատարվում են, բայց դրանք անօրինական չեն։

«Ցանկացած հատում անտեղյակ մարդու համար դիտվում է որպես ապօրինի հատում։ Ցանկացած մարդ հենց տեսնում է փայտով բեռնված մեքենաներ, միանգամից աղաղակում է, թե անտառահատում է իրականացվել, բայց դա այդպես չէ»,–ասաց Մաթևոսյանը՝ ավելացնելով, որ անտառկառավարման պլաններով (որոնք մշակվում են 10 տարվա համար) որոշվում է, թե տարեկան քանի խորանարդ մետր անտառ պետք է հատվի, որտեղից և ինչ ծառատեսակներ։ «Ընդհանուր առմամբ, անտառկառավարման պլաններով նախատեսված է Դսեղի անտառտնտեսության տարածքում տարեկան իրականացնել հատումներ մոտավորապես 2000 խմ՝ միջինացված։ Կոնկրետ այս տարվա համար Դսեղի անտառտնտեսության համար իջեցված է 2000 խմ հատատեղային ֆոնդ»,–նշեց Մաթևոսյանը։ Նրա խոսքով, այդ հատումներն «անտառի շահից բխող՝ խնամքի հատումներ են»։ «Մեկը կոչվում է սանիտարական հատում, մեկը կոչվում է խնամքի հատում։ Մեր և բնապահպանների խնդիրները մի քիչ տարբեր են այն իմաստով, որ բնապահպանները ցանկացած հատում նայում են որպես զուտ հատում, իսկ սրանք խնամքի հատումներ են, և ինչ-որ տեղ նաև բնակչությանը վառելանյութով ապահովելու խնդիր կա»,–ասաց «Հայանտառի» տնօրենը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում