«Հեյդար Ալիևի դարաշրջանն Ադրբեջանում ավարտվեց ոչ թե մեծ աղմուկով, այլ շշուկով» . Կոզլարիչ

«Հեյդար Ալիևի դարաշրջանն Ադրբեջանում ավարտվեց ոչ թե մեծ աղմուկով, այլ շշուկով» . Կոզլարիչ

Տարին այնքան էլ բարենպաստ չի սկսվել ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների համար: Այս ամենի ինդիկատորներից պետք է համարել ամերիկյան մամուլում տեղ գտած աղմկահարույց հրապարակումները, որտեղ գրեթե ամեն օր առկա են Ադրբեջանին քննադատող և Ալիևի ռեժիմը վարկաբեկող հոդվածաներ:

Այս համատեքստում ուշագրավ է հատկապես հունվարի տասներեքին Brookings նշանավոր հանդեսում Ադրբեջանում ԱՄՆ նախկին  դեսպան Ռիչարդ Կոզլարիչի տեղ գտած հոդվածը: «Հեյդար Ալիևի դարաշրջանն Ադրբեջանում ավարտվեց ոչ թե մեծ աղմուկով, այլ շշուկով» վերնագրի ներքո, նախկին դեսպանը բավական ծավալուն անդրադարձ է կատարել ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների անցյալին, ներկային և առկա խնդիրներին:

Հոդվածագիրը նշում է, որ 2014թ-ի դեկտեմբերի 3-ին Ադրբեջանում ավարտվեց Հեյդար Ալիևի դարաշրջանը, որը նաև ազդարարն էր ադրբեջանա-ամերիկյան ջերմ հաարբերությունների ավարտի: Իսկ այդ ամենի պատճառը Ալիևի ապարատի ղեկավար Ռամիզ Մեխտիևի տխրահռչակ հոդվածն է, որը Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ շեշտակի փոփոխությունների վկայությունն է :

Մեխտիևն իր հոդվածում նշել էր, որ Հեյդար Ալիևի կառավարումից ի վեր ԱՄՆ-ն դանդաղ կերպող փորձել է երկրում հինգերորդ շարասյուն ձևավորել և Ադրբեջանում գունավոր հեղափոխություն նախապատրաստել, ինչպես որ դա եղավ Վրաստանի, Ուկրաինայի կամ Ղրղզստանի դեպքում: Այդ ամենից խուսափելու միակ ելքը Մեխտիևը տեսնում նախագահական ինստիտուտի ամրապնդման և հասարակության մեջ կայունություն ապահավելու, ինչպես նաև աշխարհի հզորագույն ուժային կենտրոնի հետ հարաբերությունները սահմանափակելու մեջ:

Ներկայացնելով Մեխտիևի հոդվածում տեղ գտած դրույթները` իր հոդվածի մի մեծ ենթաբաժին Կոզլարիչը հատկացրել է այն դրդապատճառների վերհանմանը, որոնք հանգեցրեցին ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների սառեցմանը:

Ըստ հեղինակի, ալիևիյան ռեժիմն այս կերպ հոգում է սեփական գոյության պահպանման մասին` խուսափելով գունավոր հեղափոխության կրկնության սցենարից:

Ադրբեջանը երկար ժամանակ ԱՄՆ-ի աչքին փորձում էր ներկայանալ որպես կայուն էներգետիկ գործընկեր, Ռուսաստանի և Իրանի հետ լարված հարաբերությունների պարագայում հուսալի գործընկեր տարածաշրջանում: Ի պատասխան այս ամենի, Ադրբեջանն ակնկալում էր, որ ԱՄՆ-ն աչքի կփակի երկրում մարդու իրավունքների խախտումների, կոռումպացված իշխանությունների գործունեության վրա, ինչը որ տեղի չունեցավ: Բացի այդ, ինչպես նշում է դիվանագետը, Բաքվի տեսանկյունից ԱՄՆ-ն դիվանագիտական դաշտում չի աջակցում Ադրբեջանին նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված:

Պատճառներից մյուսը, որը Բաքվին ստիպեց հրաժարվելու ԱՄՆ-ի հետ ջերմ հարաբերություններից ուկրաինական սցենարի կրկնման մտավախությունն է: Նրանց համար ուկրաինական մոդելը անկարգության նմուշ է, որի հետ նրանք ևս կարող են առերսվել:

Ադրբեջանը մարդու իրավունքների պաշտպանների և ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը դիտարկում է որպես ամերիկյան գործակալների գործունեություն, որոնք ժողովրդին կտրամադրեն իշխանությունների դեմ, և ինչպես Ուկրաինայում հեղափոխություն կիրականացվի: Բացի այդ նրանք կարող էին նաև Եվրոպական խաղերի հյուրընկալումից առաջ վնասել նաև երկրի հեղինակությանը:

Ի լրումն այս վախերի, առաջարկվում է գումարել հրադադարի կնքումից ի վեր ամենամեծ սահմանային լարվածության առաջացումը, որին հետևեց Ադրբեջանի քննադատությունների տեղատարափը ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեին, որի անդամն է նաև ԱՄՆ-ն: Ադրբեջանը մեղադրում է ԱՄՆ-ին հակամարտությունը կարգավորելու անունակության մեջ:

Հոդվածի ենթաբաժիններից մեկում դիվանագետը կանխատեսում է այս ամենի հետևանքները ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների վրա: Վերջինս նշում է, որ ԱՄՆ-ն պետք է հաշվի նստի նոր իրականության հետ և հարաբերություններ կառուցի` ելնելով ոչ ռազմավարական գործընկերությունից ոչ էլ ընդհանուր արժեքներ կիսելու գաղափարից:

Նշվում է , որ էներգետիկ շուկայում Ադրբեջանն այլևս այնքան կարևորություն չունի ԱՄՆ-ի համար, ինչպես որ քսան տարի առաջ, իսկ Իրանի հետ հարաբերությունների կարգավորման դեպքում Ադրբեջանը կկորցնի տարածաշրջանում ԱՄՆ-ի գործընկեր լինելու մենաշնորհը: Իսկ երբ ԱՄՆ-ն իր զորքերը դուրս բերի Աֆղանստանից, Ադրբեջանի հետ հարաբերություններն էլ ավելի կսառեն:

Ներկա փուլում Կոզլարիչը գտնում է, որ պետք է հիմնովին վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները: Նա առաջարկում է ալիևյան բռնաճնշումներից տեղացի գործընկերներին զերծ պահելու համար ավելի ճկուն կերպով օգտագործել սոցիալական մեդիան, ինչպես նաև ավելի խիստ արձագանքել քաղաքական դրդապատճառներով ձերբակալություններին:

Անդրադարձ կատարելով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին` նախկին դեսպանն առաջարկում է ինտենսիվացնել ղեկավարների առերես բանակցությունները, աշխուժացնել նաև հասարակական մակարդակում շփումները, ստիպել, որ մինչ այս տարվա աշուն հասնեն բանակցությունների ավարտին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում