Գյումրու ռուսական ռազմակայանից բողոքները շատացել են. ՌԴ-ում մտածում են արգելել արտասահմանում տեղակայված զորամասերում զորակոչիկների ծառայությունը
Նմանատիպ
Գյումրիում 6 հոգանոց ընտանիքի սպանությունից հետո, որն իրականացնելու մեջ կասկածվում է ՌԴ ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, Ռուսաստանում քննարկվում է զորակոչիկների ծառայությունն արտասահմանում տեղակայված ռուսական զորամասերում արգելման հարցը:
«Բարդ հարց է, մի կողմից՝ Ռուսաստանի վարկը չպետք է կախված լինի պատահական մարդկանից, մյուս կողմից՝ չպետք է հապճեպ որոշումներ կայացնել»,-Газета.Ru-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը՝ նկատելով, որ պայմանագրայինները պետության համար ավելի թանկ կարժենան:
Ռուսաստանի Դումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ, Աֆղանստանի պատերազմի վետերանների միության ղեկավար Ֆրանց Կլինցեվիչը այս գաղափարին դեմ չէ, բայց նույնպես ընդունում է, որ ծախսերը մեծանալու են, քանի որ պայմանագրայինների դեպքում սոցիալ-կենցաղային բոլորովին այլ պայմաններ պետք է լինեն՝ չհաշված գումարային պահանջները: Կլինցեվիչն առաջարկում է հարցը քննարկել պաշտպանական գերատեսչության մասնագետների հետ և միայն լուրջ վերլուծությունից և հաշվարկներից հետո ՌԴ ՊՆ-ին կոնկրետ առաջարկ ներկայացնել: Միաժամանակ, Կլինցեվիչն առաջ է քաշում ռոտացիոն սկզբունքի կիրառման հարց. «Օրինակ՝ եթե հնգամսյա գործուղում լինի, որից հետո ռոտացիա, կարելի է մտածել»:
Աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի նախագահ Կոնստանտին Սիվկովն իր հերթին նկատում է, թե ժամկետայիններին պայմանագրայիններով փոխարինելու համար պարտադիր չէ ներգրավել կամ վարձել այսպես ասած՝ նոր կռվողների, բավական է այլ զորամիավորումներից զինծառայողների տեղաբաշխում կատարել: Ըստ նրա՝ այս դեպքում «կոմանդիրովչնիների» հաշվին պահանջվելիք գումարի 30-40 տոկոս աճ կունենան: Սիվկովը հիշեցնում է, որ ՌԴ սահմաններից դուրս ներկա պահին զինվորական ծառայություն է իրականացնում շուրջ 9.000 ժամկետային, ընդ որում՝ 2-3.000-ը Բելառուսում և Տաջիկստանում, մնացածը՝ Հայաստանում, Աբխազիայում, Հարավային Օսիայում:
Սիբիրի ռազմական օկրուգի հետախուզության նախկին ղեկավար Սերգեյ Կանչուկովի կարծիքով՝ զինծառայողը պետք է որոշակի հումանիտար պատրաստություն անցնի, այն է՝ ուսումնասիրի տվյալ երկրի, ազգի պատմությունը, տեղի սովորույթները, ինչ-որ չափով տիրապետի լեզվին, ինչը ոչ միայն հաղորդակցման, այլև բնակիչների նկատմամբ հարգանք դրսևորելու միջոց է:
Գյումրիում ռուսական ռազմաբազան իր գործունեությունը շարունակելու է մինչև 2044 թվականը, ըստ այդմ՝ լավ կլինի հետևել Կանչուկովի խորհրդին, առհասարակ, բարելավել ռազմաբազայում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը և ուժեղացնել վերահսկողությունը, ինչպես նաև՝ խիստ լինել օտար երկրում զինակոչիների ընտրության հարցում, քանի որ նույնիսկ ռուս փորձագետներն են վկայում, որ վերջին տարիներին ռազմակայանում տիրող վիճակի, մթնոլորտի վատթարացում է նկատվում: Մասնավորապես, Ռուսաստանի զինվորների մայրերի կոմիտեի պատասխանատու քարտուղար Վալենտինա Մելնիկովայի պնդմամբ, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայից 2013թ. -ից սկսած բողոքները շատացել են՝ վստահեցնելով, որ 2009-2013թթ. այդ զորակայանից ընդհանրապես բողոքներ չէին հնչում:
«2013թ. վերջից այդ զորակայանից շատ հաճախ սկսվեցին բողոքներ հնչել: Չեմ կարող ասել, որ դրանք զանգվածային էինք, բայց, այնուամենայնիվ, կային: Հիմնականում բողոքում էին, որ զինծառայողների ձեռքից վերցնում են փողերը, նվաստացնում, ժամանակին չեն ուղարկում հոսպիտալ՝ բուժվելու: Ընդ որում, մեզ դիմած զինվորները ոչ թե մեղադրում էին իրենց ծառայակիցներին կամ զորամասի բարձր հրամկազմին, այլ կրտսեր հրամանատարներին»,-շարունակում է Մելնիկովան՝ հավելելով, որ փողերի հափշտակման հարցով զինվորական դատախազություն դիմելուց հետո, նման դեպքերը դադարել են:
Հիշեցնենք, որ Ռուսական Московский комсомолец-ի հետ զրույցում Գյումրիի սպանդն իրականացրած Վալերի Պերմյակովի ծառայակից ընկերները պատմել էին, որ նա ռազմակայանն առաջին անգամ չէ, որ լքել է:
Մարիամ Պետրոսյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում