Իրաքում վիրավորվել է ԻՊ-ի ղեկավար ալ Բաղդադին

Իրաքում վիրավորվել է ԻՊ-ի ղեկավար ալ Բաղդադին

Իրաքում հունվարի 14-ին միջազգային դաշինքի օդային ռմբակոծության հետևանքով Մոսուլ քաղաքի հարավ-արևելայն հատվածում վիրավորվել է «Իսլամական պետության» ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադին և խմբավորման ևս 2 ղեկավարներ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Սոմարիա նյուզ» գործակալությունը, որը հիմնվել է Նինվեի մարզպետարանից ստացված տեղեկության վրա:

Ալ Բաղդադիի սպանվելու, հետագայում` նաև վիրավորվելու մասին լուր էր տարածվել նաև 2014թ.-ի վերջին ամիսներին: Սակայն ամեն անգամ Ալ Բաղդադին հանդես էր եկել տեսագրությունով՝ հերքելով տարածված լուրերի իսկությունը:

Աղբյուրը նաև տեղեկացրել է, որ մայրաքաղաք Բաղդադի Նաբաաի շրջանում ԻՊ-ի 36 անդամներ են սպանվել: Նրանց մեծամանսւթյունը սպանվել է օդային հարվածների հետևանքով, ոչնչացվել են ահաբեկիչներին պատկանող 3 փոխադրամիջոցներ, տարբեր տեսակի զենքեր:

Մեկ այլ աղբյուր տեղեկացնում է 45 ահաբեկիչների սպանության մասին: Ռազմական գործողությունների մի մասն իրականացվել է Սալահ ադ Դին մարզում:

ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում եւ Իրաքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում