2015թ-ին թուրք-ադրբեջանական հարաբերություններում «նոր մեղրամի՞ս» է սպասվում

2015թ-ին թուրք-ադրբեջանական հարաբերություններում «նոր մեղրամի՞ս»  է սպասվում

Հունվարի 15-ին Անկարայում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ կկայանա Ադրբեջանա-թուրքական ռազմավարական համագործակցության խորհրդի չորրորդ նիստը:

Նշվում է, որ նիստի ընթացքում կքննարկվեն Խորհրդի շրջանակներում համատեղ գործունեության, երկու երկրների միջև համագործակցության զարգացման հարցերը: Կողմերը կփոխանակվեն տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի մասին տեսակետերով:

«Iki ülke, bir millet», այսինքն՝ «Երկու պետություն, մեկ ազգ» արտահայտությունը, որն իբր բնորոշում է թուրքերի և ադրբեջանցիների եղբայրական միասնությունը, ինչը վերջին մի քանի տարիների ընթացքում կորցրել էր իր ակտուալությունը, կարծես կրկին շրջանառության մեջ է մտնում: Բայց վերջին տարիների թուրք-ադրբեջանական հարաբերությունների ընթացքը գալիս են փաստելու որ Թուրքիան Ադրբեջանի «մեծ եղբայրն» է արտահայտությունն ընդամենը կարծրատիպային մոտեցում է: Որոշ թուրք հեղինակների կարծիքով դա դեռ հարց է` Թուրքիան ավելի շատ լծակներ ունի ազդելու Ադրբեջանի վրա, թե՞ հակառակը:

Այդ մասին են փաստում Ադրբեջանի որդեգրած դիրքորոշումը 2009թ-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ, որն ի վերջո հանգեցրեց Թուրքիային մատակարարվող գազի գներին կրկնկաի թանկացմանը: Ադրբեջանական ճնշման հետևանքով էր նաև, որ Թուրքիան հրաժարվեց արձանագրությունները կյանքի կոչելուց:

2010թ. օգոստոսի 16-ին Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքվեց նոր համաձայնագիր «Ռազմավարական համագործակցության և փոխօգնության մասին», որի մեջ, սակայն կային ենթակետեր, որոնք տարաձայնություններ էին առաջացնում երկու երկրների միջև:

Մասնավորապես` ադրբեջանական կողմը չէր շտապում վերացնել Թուրքիայի հետ գործող անցագրային ռեժիմը, ձգձգվում էր թուրք-ադրբեջանական ռազմական խորհրդի ենթակոմիտեներիի ձևավորումը: Բացի այդ ադրբեջանական պաշտոնական որոշ շրջանակներ հայտարարում են, որ թուրքական կապիտալի ընդլայնումը ադրբեջանական տնտեսության մեջ այնքան էլ անվտանգ չէ:

Առերես թուրք-ադրբեջանական հարաբերությունները եղբայրական են, սակայն դրանք ներկայումս էլ զերծ չեն բազմաթիվ խնդիրներից ու ներքին հակասություններից:

Դեռևս մեկ դար առաջ, ձեռնամուխ լինելով երկրորդ թյուրքական հանրապետության ստեղծմանն Անդրկովկասում, Թուրքիան երբեք չէր պատկերացնի, որ ընդամենը մեկ դար անց անդրկովկասյան թաթարների այդ պետությունը կփորձի հավասարը հավասարի հետ բանակցությունների սեղան նստել , պահանջներ ներկայացնել և իր կամքը թելադրելո: Այո, Թուրքիան ցանկանում է տեսնել Ադրբեջանին հզոր, որը կարող է Հարավային Կովկասում գործոն հանդիսանալ, այդուամենայնիվ, Ադրբեջանը Թուրքիայի համար վասալական պետություն է, որի չափից ավելի հզորացումը վտանգ է հենց Թուրքիայի համար:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նախագահ ընտրվելուց հետո, առաջին պաշտոնական այցը կատարեց Ադրբեջան` հավաստելու, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները առաջնային են Թուրքիայի համար: Վերջին չորս տարիներին մասնագետներն այդ հարաբերությունները բնութագրում էին «ջերմ սառնություն», սակայն աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակը կանխատեսելի է դարձնում թուրք-ադրբեջանական հարաբերություններում «երկրորդ մեղրամսի» մեկնարկը:
 

Թուրք-ադրբեջանական հարաբերություններում էական գործոն է ոչ միայն էթնիկական նմանությունը, այլ պրագմատիկ շահը:Հարաբերությունները պրագմատիկ հիմքերի վրա դրեց դեռևս Հեյդար Ալիևը, իսկ նրա որդին պահպանում է այդ գիծը: Այսօր Թուրքիան և Ադրբեջանը Վրաստանի միջոցով կապվում են ենթակառուցվածքային խոշոր նախագծերով` երեք խողովակաշարերով (Բաքու-Թբիլսի-Ջեհյան, Տրանսանատոկական, Բաքու-Թբիլիսի-Էրզրում) և մեկ երկաթգծով, որոնք ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտներ են և բազմամիլիոնանոց ծրագրեր:

Սակայն թուրքական քաղաքականության պրագմատիկությունը դրսևորվում է նրանում, որ այն չի բավարարվում միայն ադրբեջանական գազի կամ նավթի Եվրոպա մատակարարը լինել: Ուկրաինայում և Իրաքում ստեղծված իրավիճակը Թուրքիայի համար բացառիկ պայմաններ են ստեղծել դառնալու էներգետիկ հանգույց, որով ածխաջրածնային պաշարները կփոխադրվեն դեպի Արևմուտք:

Թուրքիան մեկ ձեռքով երկու ձմերուկ է բռնում ` հանդիսանալով իրար մրցակից երկու նախագծերի Հարավային գազային միջանցքի և Հարավային հոսքի, որը ՌԴ-ի նախագահ Պուտինի այցից հետո վերածվեց թուրքական հոսքի, տարանցման ուղի: Եվ այս պարագայում Ադրբեջանը ստիպված է հաշտվել այդ իրավիճակի հետ:

Սակայն ներկա պահին Ադրբեջանի և Թուրքիայի առաջ մի շարք խնդիրներ են ծառացած, որոնք ստիպում են այս պետություններին միասնական գործել:Վերջին ժամանակներս փչացել են, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, ինչն Ադրբեջանի պարագայում ավելի ակներև դրսևորում է ստանում: Ադրբեջանը պաշտոնական մակարդակով հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սառեցման մասին: Այս ֆոնին ռուս-ադրբեջանական հարաբերությունների մերձեցում է սպասվում, որը սակայն չի նշանակում, որ Ադրբեջանը կշտապի միանալ Եվրասիական տնտեսական միությանը, Եվրոպան էլ Ադրբեջանին հանդուրժում է միայն խողովակաշարային նախագծերի համար: Ստեղծված դրությունում Ադրբեջանի համար կարևոր է տարածաշրջանում հզոր դաշնակից ունենալը` ի դեմս Թուրքիայի:

Նավթի գների անկումը մեծ վնաս են հասցնում ադրբեջանական տնտեսությանը, իսկ Թուրքիայում այդ իրավիճակի ֆոնին լիրայի կտրուկ արժեզրկում է նկատվում, ուստի կողմերի համար կարևոր կլինի քննարկել ենթակառուցվածքային ծրագրերի վրա հատկացվող գումարների հստակեցումը. գաղտնիք չէ, որ այդ թիվը մեծանում է ` չհամապատսխանելով նախնական հաշվարկներին:

 Կարդացեք նաև` «Նավթային անեծք». ադրբեջանական տնտեսությունը քաղում է դառը պտուղները

Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը ևս միասնաբար հանդես գալու համար ստեղծված գործոն է: Այսպես, մի կողմից «Իսլամական պետության» վտանգ, իսկ մյուս կողմից` արցախյան ճակատ:

«Իսլմական պետության» շարքերում օրըստօրե մեծանում է ադրբեջանիցների թիվը, որոնք Թուրքիայի սահմանն անցնելով են հայտնվում ծայրահեղ իսլամիստների բանակում: Այս ամենը սպառնալիք է Ադրբեջանի համար, ուստի հարկ է այս ոլորտում սերտացնել Թուրքիայի հետ համագործակցությունը:

Մյուս կողմից Ադրբեջանը արցախյան ճակատում և հայ-ադրբեջանական սահմանին աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում` պատերազմի վերսկսման փորձեր կատարելով: Այս գործողութուններն հավանական է, որ աջակցություն են ստանում Թուրքիայի կողմից, որի ղեկավարները մեկ անգամ չէ, որ իրավիճակի կապակցությամբ կողմնակալ հայտարարություններով են հանդես եկել:

Հաճախ շրջանառվում է այն հարցը, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ, Թուրքիան վախենում է միջազգային ասպարեզում իր հեղինակության անկումից և այդ կապակցությամբ հակաքայլեր է ձեռնարկում` ակնկալելով Ադրբեջանի օգնությունը:

Սակայն կարծում եմ, այդ ամենը մի փոքր չաձազանցված է:Եթե հայկական կողմը վերջին հարյուր տարիների ընթացքում չկարողացավ շոշափելի արդյունքների հասնել, ապա նույնիսկ մեկ տարվա աննախադեպ ակտիվությունը չի կարող իրավիճակի մեջ էական փոփոխություններ մտցնել:

Այո, կանխատեսելի է, որ Թուրքիան կփորձի օգտագործել ադրբեջանական գործոնը ևս` հայկական կողմի ուշադրությունը շեղելու և միջազգային հանրությունից հայկական պահանջատիրությունը ոչ թե թուրքական կողմին ուղղելու, այլ Ադրբեջանի ռազմական գործողություններին համարժեք գնահատականներ տալուն:

Բացի այդ, Թուրքիան կփորձի օգտագործել նաև արտասահմանում գործող ադրբեջանական լոբբիստական կառույցներին ևս, որոնք կփորձեն գործունեություն ծավալել` Հայաստանին «ցեղասպան» պետության պիտակ փակցնելու ուղղությամբ:
Հայկական հարցում թյուրքական երկու պետությունները համակարծիք են` դիտարկելով  

Հայաստանը` որպես մեկ ընդհանուր թշնամի:Նշված և մի շարք հարցերի համախումբը թույլ են տալիս եզրակացնել, որ թուրք-ադրբեջանական հարաբերություններում նոր «մեղրամիս» սպասվում: Իսկ Հայաստանը ստիպված է լինելու միայնակ գործելու երկու ճակատներում էլ:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում