Ե՞րբ կարող ենք ազատվել «մեծ եղբոր» առաջարկած ծառայություններից

Ե՞րբ կարող ենք ազատվել «մեծ եղբոր»  առաջարկած ծառայություններից

Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը շատերը կոչ էին անում չքաղաքականացնել, ներկայացնում էին, ինչ-որ ուժերի կողմից պատրաստված դավադրություն, որի հիմնական նպատակը հայ-ռուսական հաարբերությունների մեջ սեպ խրելն է:

Նշված տարբերակը բացառված չէ, սակայն այդուամենայնիվ, հարկ է հայ-ռուսական հարաբերությունները դիտարկել ոչ թե զգացմունքային տեսանկյունից, այլ զուտ պրագմատիկ շահերի:

Կարծում եմ, ուռճացնում կամ ինքնախաբեությամբ ենք զբաղվում, երբ երկու երկրների միջև հարաբերությունները բնորոշում ենք բարեկամական որոշիչով: Բարեկամականը քաղաքական կատեգորիա չէ, չի ենթարկվում չափումների, և դրա համար չկան սահմանված չափանիշներ:

Դեռևս  նախորդ տարվա հոկտեմբերին Շոյգուն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ միասին մի շարք հուշագրեր է ստորագրում, որտեղ, ինչպես տեղեկացնում է ՌԴ-ի ՊՆ-ի պաշտոնական աղբյուրը, կենտրոնական տեղ է զբաղեցնում ադրբեջանական բանակի համար կադրերի պատրաստումը: Իսկ ռուս հաղորդավարները հպարտությամբ նշում էին, որ ադրբեջանական բանակի սպառազինության առյուծի բաժինը Ռուսաստանին է բաժին ընկնում: Մատնանշվում է, որ 2010-2012թթ-ին կողմերի միջև կնքվել է չորս միլիարդից ավելի արժողությամբ պայմանագիր:

Ռուսական կողմը հաճախ է մատնանշում, որ Ադրբեջանին զենք վաճառելը զուտ բիզնես գործարք է, և չպետք է կապել հայ-ռուսական հարաբերությունների հետ: Կարծում եմ, ադրբեջանական բանակի կադրերին պատրաստելը բիզնես գործարքի բաղկացուցիչ չէ, այլ պարզապես Ռուսաստանի կամքը:

Այս պարագայում հարկ է ձերբազատվել «մեծ եղբայր» ունենալու սինդրոմից և հայ-ռուսական հարաբերությունները դիտարկել դրանց շահութաբերության տեսանկյունից:

Այո, Ռուսաստանը մեր «մեծ եղբայրը» չէ, սակայն միջազգային հանրության և մեր թշնամի պետությունների կողմից դա այդպես է ընկալվում: Այդ ընկալումների առաջացրած բացասական զգացողությունից զատ, պետք է հասկանանք, թե ինչ այն կարող է մեզ տալ:

Նույնիսկ Stratfort վերլուծական կենտրոնի ֆուտուրոլոգները իրենց 2015 թ-ի կանխատեսումներում գրել էին.«Քանի որ Ռուսաստանը զբաղված կլինի ներքին և տնտեսական խնդիրներով և ավելի քիչ է հավանական, որ կմիջամտի Լեռնային Ղարաբաղում փոխհրաձգություններին` Ադրբեջանը կփորձի վիճարկել ստատուս-քվոն և շփման գծում ավելի շատ ռազմական ընդհարումներ կկազմակերպի»:

Սա կարծես նսեմացնում է սահմանում մեր զինվորների կատարած դերը. Արցախա-ադրբեջանական սահմանում որոշիչ գործոնը հայ զինվորների առկայությունն է, փխրուն խաղաղությունը պահպանվում է միայն հայ զինվորների հզորության հաշվին:

Սակայն պետք է նշեմ, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին սատարելու ստերոտիպային ընկալումը զսպիչ նշանակություն ունի մեր թշնամիների համար:
Որքանով դա իրականության հետ աղերսներ ունի դա հարցի մի կողմն է, բայց եթե մենք կրում ենք Ռուսաստանի սատելիտի անպատվաբեր տիտղոսը, ուրեմն պետք է ճկուն կերպով հնարավորինս օգուտ քաղել դրանից:

Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունից հետո ներքին ըմբոստություն և պահանջ կա 102-րդ ռազմաբազան հանելու, սակայն քանի դեռ որպես պետություն մենք այնքան հզոր չենք` ապահովելու համար սեփական սահմանների անվտանգությունը, ստիպված ենք հանդուրժել նման ռազմաբազայի առկայությունը:

Եվ այստեղ ամենևին էլ հարցը նրանում չէ, որ այդ ռազմաբազան ֆունկցիոնալ տեսանկյունից ինչ-որ բան է փոխում հայ-թուրքական սահմանին, այլ պարզապես ռուսական դրոշի առկայությունը զսպիչ գործոն է բազմամիլիոնանոց Թուրքիայի համար:

Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր: Ժողովրդական այս իմաստությունը ևս մեկ անգամ գալիս է փաստելու, քանի դեռ մենք որպես պետություն թույլ ենք, ապա մենք մեղավոր ենք լինելու և դատապարտված ենք լինելու հանդուրժելու ռուսական ռազմաբազայի ներկայությունը:

Երբ կլինենք հզոր երկիր, որը պատրաստ կլինի ինքնուրույն պահպանել հայ-թուրքական սահմանը, ինպես որ դա անում է հայ-ադրբեջանականի պարագայում, երբ մեր ռազմավարական կարևորություն ներկայացնող ենթակառուցվածքները կպատկանեն մեզ, երբ միջազգային հարաբերություններում կլինենք անկախ, այլ ոչ թե կախյալ փոփոխական, այն ժամանակ ռուսական ռազմաբազաներ չեն լինի Հայաստանում, այն ժամանակ մեկ գիշերվա մեջ պետության համար այդքան կարևորություն ներկայացնող որոշումներ չեն կայացվի, այն ժամանակ իսկապես կզգանք, որ անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք: Իսկ իրականությունը առայժմ հեռու է դրանից: Աղմուկ-աղաղակով հարցեր չեն լուծվում. կլինենք ուժեղ մեզ կհարգեն ու հաշվի կնստեն մեզ հետ:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում