Թալինում «Ժառանգության» թեկնածուն կլինի Տիգրան Սարգսյանը
Նմանատիպ
«Ժառանգություն» կուսակցությունը Թալինի ՏԻՄ ընտրություններում ավագանու թեկնածու է առաջադրել կուսակցական, «Ժառանգության» Թալինի ստորաբաժանման ղեկավար Տիգրան Սարգսյանին, տեղեկացնում են «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի` Տիգրան Սարգսյանը մաթեմատիկոս է, ուսանել և 1985-ին ավարտել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Հետագայում վերապատրաստվել է համակարգչային ծրագրավորողի մասնագիտությամբ: Աշխատանքային կենսագրությունը սկսել է 22-ամյա հասակում, որպես Թալինի թիվ 1 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ, հետագայում տարբեր տարիների աշխատել է «ԱրմենՏելի», «Հայաստանի էլեկտրացանցերի», «Հայփոստի» Թալինի ստորաբաժանումներում’ իբրև ինժեներ-ծրագրավորող, այժմ վերադարձել է մանկավարժական աշխատանքի:
Հասարակական ակտիվ գործունեություն է ծավալել դեռ ուսանողական տարիներից. 1985-ին Երևանի մարզահամերգային համալիրի հրդեհից հետո կազմավորել է կամավոր ուսանողական ջոկատ և մասնակցել շինվերանորոգման աշխատանքներին, 1988-ից ակտիվորեն մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը: 2003-ից անդամագրվել է «Ժառանգությանը», ղեկավարում է կուսակցության Թալինի ստորաբաժանումը: 2006-ին առաջադրվել և ընտրվել է Թալինի ավագանու անդամ: 2009-ի ՏԻՄ ընտրություններին չի մասնակցել:
Պրն. Սարգսյանը հպարտանում է, որ Մուշից տարագրած և 37-ի ստալինյան բռնաճնշումների զոհ դարձած իր պապը եղել է Մշեցի Մուրադի զինվորներից մեկը, ով իր գերդաստանին պատգամել է ապրել այն քարքարոտ, թեկուզ անբերրի հողի վրա, որտեղ ինքը գտել էր նոր հայրենիք և հետագա սերունդները պահել են պատգամը: Պրն. Սարգսյանի ընտանիքը’ մայրը, կինը, դպրոցահասակ որդին և դուստրը ապրում են Թալինում:
«Ժառանգություն» կուսակցությունը Թալինի ավագանու ընտրություններում եռամյա ընդմիջումից հետո կրկին առաջադրելով Տիգրան Սարգսյանի թեկնածությունը’ կոչ է անում իր համակիրներին, Թալինի ողջ ազգաբնակչությանը օգոստոսի 5-ի ընտրություններում քվեարկել հօգուտ «Ժառանգության» թեկնածուի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում