Էրդողանն արգելել է Թուրքիայում պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրումը

Էրդողանն արգելել է Թուրքիայում պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրումը

Վերջին շրջանում ծիծաղելի եւ զավեշտալի նախաձեռնություններով եւ վարքագծով սեփական եւ միջազգային հանրությանը զարմացրած Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս անգամ երկրում թափանցիկությունը սահմանափակող քայլ է արել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Էրդողանն արգելել է կյանքի կոչել երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի ներկայացրած «Թափանցիկության փաթեթը», որով բոլոր թուրք պաշտոնյաներից պահանջվում հայտարարագրել սեփական ունեցվածքը: Էրդողանն իր այդ քայլը «հիմնավորել» է այն բանով, որ «դրա ժամանակը չէ, դա խորհրդարանական ընտրությունների շեմին կարող է բացասական ազդեցություն գործել տնտեսության վրա, քանի որ երկրում հնարավոր չէ գտնել թափանցիկ գործող որեւէ պաշտոնյայի»:

«Խիստ որոշումներ եք ընդունում: Դա կարող է վնասել տնտեսությանը: Այդպես գնա` էլ չեք կարող գտնել նահանգի եւ քաղաքի ղեկավար», -ասել է նա: Էրդողանի այդ քայլը միանշանակ չի ընդունվել թուրքական հանրության կողմից: Որոշ վերլուծաբաններ այն գնահատել են որպես կոռուպցիայի նկատմամբ հովանավորչություն: Նման եզրակացության համար թուրք վերլուծաբանները նկատի են ունեցել 2013 թվականի դեկտեմբերի կեսերին այդ երկիրը ցնցած կոռուպցիոն սկանդալը, որով բացահայտվել են թուրքական կառավարության անդամների, այդ թվում` այն ժամանակ Թուրքիայի վարչապետ, ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները: Դրանից անմիջապես հետո Էրդողանը հայտարարել էր, որ դրա հետեւում կանգնած են ԱՄՆ-ում վտարանդի, արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի հետեւորդները, ովքեր ցանկանում են տապալել իր կառավարությունը: Էրդողանի հանձնարարությամբ աշխատանքից հեռացվել կամ ձերբակալվել են այդ կոռուպցիոն սկանդալը բացահայտած հազարից ավելի փաստաբաններ, դատախազության եւ ոստիկանության աշխատակիցներ: Իրավապահ եւ դատական համակարգերը գյուլենականներից ՙմաքրելու՚ գործընթացը Թուրքիայում շարունակվում է մինչ օրս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում