«Հրապարակ». ԲՀԿ «հայրերին» դուր չեն եկել ՀՀԿ–ԲՀԿ վերջին շփումները
Նմանատիպ
«Հրապարակը» գրում է. «ԲՀԿ «հայրերին» ահավոր դուր չեն եկել ՀՀԿ– ԲՀԿ վերջին շփումները՝ Գյումրիում քաղաքապետի հարցում համաձայնությունը, Պալաչի ներողությունն ու Լոնդոնի օլիմպիադայի՝ Սերժ Սարգսյանի ու Ծառուկյանի նույն ինքնաթիռով թռչելու պարագան։ Եվ որոշ տվյալներով, Հունաստանում, հարազատ կղզում հանգստացող Ռոբերտ Քոչարյանը, ըստ նույն աղբյուրների, տագնապել է՝ հանկարծ չուշանա՞ ու խաղը ձեռքից բաց թողնի։ Ուստի արագ ռեժիմով հետ կանչվեցին մինչ այս ռազմահայրենասիրական մեծ համբերություն դրսևորած ԲՀԿ փոխնախարարներն ու փոխմարզպետները։ Հայտարարվեց, որ կրկին վերցվելու է հայոց հողի ամեն միլիմետրը՝ ՏԻՄ ընտրություններով։ ԲՀԿ-ն ՏԻՄ ընտրություններում կենաց-մահու կռիվ է տալու, ոչ մի բանի առջև կանգ չի առնելու (հետաքրքիր է՝ այս ընտրությունների ստավկան է՞լ է տասը հազարից սկսվելու) խաղն իրենով անելու համար. առաջին հերթին՝ հոգեբանական առումով, որպեսզի մարդկային–քաղաքական ռեսուրսը նախագահականից առաջ դեպի իրեն քաշի։ Այս խաղում մեկ այլ նրբություն էլ կա. ԲՀԿ այս դրսևորումը հաճելի է ոչ միայն Քոչարյանի, այլև օգտակար է Ռուսաստանի համար, հենց այնպես չէր Հայաստան ժամանած Նարիշկինը հայտարարում, որ աշնանը կլուծվի Հայաստանի՝ Եվրասիական միությանը մասնակցության խնդիրը։ Եթե նախագահական ընտրությունների շեմին և ընթացքում այս հարցը Ռուսաստանը չլուծի, ապա երբեք այլևս չի կարողանա լուծել։ Իսկ այդ հարցում ԲՀԿ-ն, Քոչարյանը և հարակիցները իսկական «ռազմավարական գործընկերներ» են»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում