Պուտինն իր ցավակցությունն է հայտնել Գյումրիի դեպքերի վերաբերյալ

Պուտինն իր ցավակցությունն է հայտնել Գյումրիի դեպքերի վերաբերյալ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի ևս մեկ անգամ հայտնի իր ցավակցությունները Գյումրիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներին, ինչպես նաև ողջ հայ ժողովրդին: Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ­նովոստի»­ն, այդ մասին տեղեկացրել է ՌԴ առաջնորդի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Պուտինը վստահություն է հայտնել, որ անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները կիրականացվեն ամենակարճ ժամանակում և մեղավորները կկրեն օրենքով սահմանված իրենց պատիժը»,­ ասել է Պեսկովը:

Նրա խոսքով` Պուտինը նաև հույս է հայտնել, որ Հայաստան ժամանած ռուս բժիշկներն իրենց հայ գործընկերների հետ կցուցաբարեն ողջ անհրաժեշտ բարձրակարգ մասնագիտացված օգնությունն այդ ողբերգությունը վերապրած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին: «Ռուսաստանի նախագահը նաև իր հայ գործընկերոջը վստահեցրել է, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է ուղարկել բժշկական ինքնաթիռ, որպեսզի երեխան տեղափոխվի Մոսկվա`հետագա բուժման համար»,­ ավելացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

Բացի այդ, ըստ Պեսկովի, հեռախոսազրույցի ժամանակ Սարգսյանը և Պուտինը քննարկել են հայ­ռուսական հարաբերություններին առնչվող ընթացիկ հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում