Եվրամիությունը որոշեց պահպանել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները
Նմանատիպ
Եվրամիության արտաքին գործերի նախարարները որոշեցին շարունակել Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը, եւ, մասնավորապես, պահպանել այն պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ղրիմի բռնակցմանը եւ Դոնբասի աշխարհազորայինների աջակցմանն ի պատասխան: ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ վերջին օրերին Ուկրաինայի իրադրությունը նկատելիորեն վատացել է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«ԱԳ նախարարներն այն կարծիքին են, որ Ռուսաստանի վրա պատժամիջոցների միջոցով ճնշումն անհրաժեշտ է պահպանել, քանի դեռ նա չի սկսել նպաստել Ուկրաինայի խաղաղ գործընթացին»,- Twitter-ում գրել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Հեմոնդը:
Մոգերինին հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների որեւէ թուլացում հնարավոր է միայն Ուկրաինայի արեւելքում իրադրության բարելավումից հետո: Նրա խոսքով՝ Դոնբասում մարտական գործողությունների ակտիվացումը վատ նորություն է, եւ ԵՄ-ի անդամ երկրների ԱԳ նախարարները մտադիր չեն այժմ պատժամիջոցների վերացման ուղղությամբ որեւէ քայլ ձեռնարկել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում