Միջազգային դաշինքը մեկ օրվում մոտ 20 օդային հարված է հասցրել ԻՊ-ի դիրքերին

ԱՄՆ-ի և դաշնակիցների օդային ուժերը 24 ժամվա ընթացքում 19 օդային հարված են հասցրել Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական ղեկավարությունը: Համաձայն ստացված տեղեկության՝ հարվածներից 9-ն ուղղվել է Իրաքում, 10-ը` Սիրիայում ահաբեկիչների դիրքերին:

Իրաքում ռմբակոծության արդյունքում վնասներ են կրել Մոսուլում, ալ Ասադում և ալ Քաիմում նրանց օբյեկտները: Ինչ վերաբերում է Սիրիային, ապա ռմբակոծության թիրախում են հայտնվել Քոբանի քաղաքի մերձակայքի ահաբեկիչների դիրքերը:

Միջազգային դաշինքի կազմում ընդգրկվել են ավելի քան 60 երկիր, որոնցից 12-ը մասնակցում են Սիրիայում և Իրաքում ռազմական գործողություններին:

ԱՄՆ-ը Իրաքում ռազմական գործողություններն սկսել է օգոստոսի 8-ից, իսկ Սիրիայում` սեպտեմբերի 23-ից:

Իրաքում ռազմական գործողություններին մասնակցում են Ավստրալիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Կանադան, Նիդեռլանդները, Ֆրանսիան, իսկ Սիրիայում՝ Բահրեյնը, Հորդանանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում