«Հարսնաքար»-ի գործով կալանավորվածների մեղադրանքը խստացվել է
Նմանատիպ
ՀՀ ոստիկանությունը վերաորակել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում զինվորական բժիշկներին ծեծի ենթարկելու գործով բոլոր վեց կալանավորվածների մեղադրանքները՝ մեկ մեղադրանքի փոխարեն առաջադրելով երեքը:
Ըստ Ոստիկանության լրատվության վարչության տեղեկատվության, եթե կալանավորված անձանց նախկինում մեղադրում էին միայն Քր.Oր.-ի 112-րդ հոդվածի, 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, ապա այժմ նրանք մեղադրվում են 112-րդ հոդվածի, 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը , որը կատարվել է մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կողմից և անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), և 118-րդ հոդվածով (ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը):
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկվել երեք ռազմաբժշկության սպաներ, որոնցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին հիվանդանոցում գիտակցության այդպես էլ չգալով մահացել էր:
Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել է 6 անձ՝ Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը, որոնց մեջ կան նաև Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:
Այս դեպքը հասարակության կողմից լայն հնչողություն ստացավ. մինչ օրս կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, մոմավառություն և բողոքի ցույցեր՝ դատապարտելով հասարակությունում առկա քրեածին երևույթները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում