Ֆրանսիան 2600 ոստիկան կվարձի ահաբեկչության դեմ պայքարելու համար

Ֆրանսիայի իրավապահ մարմիններն ավելի լավ հանդերձված կլինեն զենքով եւ պաշտպանության միջոցներով, ինչպես նաեւ լրացուցիչ աշխատանքի կվարձեն 2600 աշխատակիցների՝ ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, հայտարարել Է երկրի վարչապետ Մանյուել Վալսը:

Վարչապետը խոստացել Է ահաբեկչության դեմ պաքարելու համար 425 միլիոն եվրո տրամադրել երեք տարվա ընթացքում՝ որպես Փարիզում մի շարք ահաբեկչական հարձակումների պատասխան, որոնց հետեւանքով 17 մարդ զոհվեց:

Վալսը նաեւ հայտնել Է, որ կընդլայնվեն հետախուզական ծառայությունների լիազորությունները, այդ թվում՝ պարզեցված Է ահաբեկչական գործողությունների նախապատրաստման մեջ կասկածվողների հեռախոսազրույցների գաղտնալսման թույլտվությունների ստացման ընթացակարգը:

Հատուկ ծառայությունների մշտական վերահսկողության տակ կգտնվի շուրջ 3 հազար մարդ, որոնք բնակվում են ինչպես Ֆրանսիայի տարածքում, այնպես Էլ արտասահմանում, եթե նրանք կապեր ունեն Ֆրանսիայի հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում