Սիրիական բանակը Կունեյտրա մարզում տասնյակ ահաբեկիչների է ոչնչացրել

Սիրիական բանակը Կունեյտրա մարզի Ուֆանիա գյուղում հարձակումներ է իրականացրել ահաբեկչական ծայրահեղական կազմակերպությունների, մասնավորապես «Ջաբհա ան Նուսրա»-ի թաքստոցների վրա: Սպանվել են տասնյակ ահաբեկիչներ, ոչնչացվել նրանց զենքերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, մեծ թվով ահաբեկիչներ են սպանվել Ում Բատինա գյուղում, որը գտնվում է Կունեյտրա քաղաքի արևմտյան հատվածում: Սիրիական բանակը ահաբեկիչներին պատկանող մի քանի թաքստոցներ է ոչնչացրել Մասհարա և Թել Հարա գյուղաքաղաքներում:

Սիրիայի հատուկ նշանակության ջոկատները Հոմսի մերձակայքում միջազգային մայրուղու վրա ավտոբուսում հայտնաբերել են տարբեր տեսակի զենքեր, պայթուցիկ սարքավորումներ և մեկ կիլոգրամ թմրանյութ: Ձերբակալվել են ավտոբուսում գտնվող 4 անձինք:

Ավելի վաղ՝ հունվարի 21-ին, Հոմսի Աքրամա թաղամասում ականապատ մեքենայի պայթյունից 6 մարդ զոհվել, ևս 70-ը վիրավորվել էին: Տուժածների մեծամասնությունը կանայք և երեխաներ են:

Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է մոտ 200 հազար մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում