ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների ղեկավարները հրավիրվել են մասնակցելու Հայաստանում անցկացվելիք զորավարժություններին
Նմանատիպ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումների սեպտեմբերի 3-8-ը Հայաստանում կայանալիք համատեղ զորավարժություններին մասնակցելու համար հրավերներ են ուղարկվել ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների նախագահներին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրուցում նշել է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մենք հրավերներն ուղարկել ենք, սակայն վստահ չենք, որ բոլորը կմասնակցեն’ հաշվի առնելով երկրի ղեկավարիների զբաղվածության աստիճանը: Մինչեւ սեպտեմբեր բավականին ժամանակ կա, եւ մենք սպասում ենք հրավերների հաստատմանը»,-տեղեկացրել է Հովհաննիսյանը:
«Փոխգործակցություն-2012» զորավարժությունների թեման է «ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կիրառումը Կովկասյան տարածաշրջանում ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ»:
Զորավարժությունների նախապատրաստման եւ անցկացման ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ՀՀ պաշտպանության նախարարը: Զորավարժությունների ղեկավարման շտաբի կազմը որոշում է հայկական կողմը’ ՀԱՊԿ Միավորված շտաբի համակարգմամբ’ ներառելով ՀԱՊԿ անդամ-պետությունների պաշտպանության նախարարությունների, շահագրգիռ նախարարությունների եւ գերատեսչությունների, զորակազմերի հրամանատարության, ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր պետությունից ներգրավվող զորքերի /ուժերի/ ներկայացուցիչներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում