ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը կատարյալ անհեթեթություն է
Նմանատիպ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության օգոստոսի 2-ի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ազատագրված հողերը թշնամուն հանձնելու պատրաստակամություն: Այն կատարյալ անհեթեթություն է, որը չի տեղավորվում ոչ մի տրամաբանության մեջ: Այդ մասին Times.am-ի թղթակցին ասել է Ռազմավարական մշակումների կենտրոնի տնօրեն Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նշենք, որ երեկ Արցախի արտաքին գերատեսչությունը արձագանքել է ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական առաքելության կողմից տարածված նոտային, որը վերաբերում է ԼՂՀ տարածքների բնակեցմանը: «Չնայած այն ակնառու փաստին, որ իր տարածքում վերաբնակներ ընդունելը ԼՂՀ ինքնիշխան իրավունքն է, տարածվածը իսպառ հիմնազուրկ ապատեղեկատվություն է, ինչը հավաստում են 2010 թ. ընթացքում այդ տարածքի իրավիճակի’ ԵԱՀԿ գնահատման առաքելության կողմից անցկացված դիտարկումների արդյունքները: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ փաստահավաք առաքելության 2005 թ. հաշվետվությանը, որը վկայակոչում է Ադրբեջանի մշտական առաքելությունը, անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության’ առաքելությունը չի հայտնաբերել «ոչ մի ակնհայտ կազմակերպված վերաբնակեցում» և «չի հաստատվել, թե բնակեցումը նպատակամետ քաղաքականության արդյունք է»», – նշված է ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
Արցախի արտաքին գերատեսչությունը վստահ է, որ ադրբեջանական կողմի հայտարարությունն ակնհայտ քարողչական բնույթ ունի, որի նպատակը միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելն ու բանակցային գործընթացն ու իրավիճակը տարածաշրջանում ապակայունացնելն է:
«Պաշտոնական Ստեփանակերտն ու Երևանը պետք է օր առաջ հասկանան, որ հայ-ադրբեջանական հակամարտության շուտափույթ լուծելու միակ տարբերակը ազատագրված հողերը բնակեցնելն ու յուրացնելն է: ԼՂՀ ԱԳՆ հայտարարության բովանդակությունից բխում է, որ Արցախի իշխանությունները երկիրը չբնակեցնելու երաշխիքներ են տվել միջազգային հանրությանը: Եթե դա իսկապես այդպես է, ուրեմն մենք գործ ունենք պարտվողական քաղաքականության հետ», – նշել է Մելիք-Շահնազարյանը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ հիշատակված հայտարարությունը չի արտահայտում ԼՂՀ բարձրագույն իշխանությունների՝ մանավանդ նախագահի դիրքորոշումը:
«Դա կարող է լինել նաև Արցախի ԱԳՆ որևէ աշխատակցի «դիվանագիտական մտքի» արգասիք: Ամեն դեպքում, ամթույլատրելի է, որպեսզի հայկական երկրորդ պետության արտաքին հարաբերությունների գերատեսչությունը հանդես գա նման հայտարարություններով», – ասել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում