Դինքի մահվան տարելիցը, Դողու Փերինչեքի դատավարությունն ու հայկական գույքի վերադարձը. Թուրքիայի շաբաթն ամփոփ

Հունվարյան նախավերջին շաբաթը Թուրքիայում աչքի ընկավ տարատեսակ դեպքերով, միջոցառումներով և թուրք պաշտոնյաների հայտարարություններով, որոնց զգալի մասն անուղղակիորեն անդրադառնում էր նաև Հայաստանին ու հայերին: «Արմենպրես»-ն ամփոփել է անցնող շաբաթվա իրադարձությունները՝ առանձնանցնելով դրանցից առավել ուշագրավները:

Այս շաբաթը սկսվեց Հրանտ Դինքի մահվան ութերորդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքով, որոնց մեկնարկը տրվեց սպանության օրվանից՝ հունվարի 19-ից դեռևս մի քանի օր առաջ և շարունակվեց արդեն դրան հաջորդող օրերին:

Դինքի հիշատակին տարբեր միջոցառումներ կազմակերպվեցին Թուրքիայի մի շարք քաղաքներում, ինչպես, օրինակ, Ստամբուլում, Անկարայում, Մալաթիայում, Ադանայում, Ամասիայում, Դիարբեիքրում, Շըրնաքում, Այնթապում և այլն: Ամենաբազմամարդ ցույցը կայացավ Թուրքիայի խոշորագույն քաղաքում՝ Ստամբուլում, որին մասնակցեցին հարյուր հազարավոր մարդիկ: Մասնակիցները պահանջեցին առերեսվել Դինքի սպանության և Հայոց ցեղասպանության հետ: Նրանք ընդգծեցին, որ Դինքի իրական մարդասպանները չեն պատժվել և շարունակում են ազատությունը վայելել:

Արարողությանը մասնակցած ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները, ովքեր, ի դեպ, Ստամբուլի քաղաքապետարան առաջարկ էին ներկայացրել Դինքի անունով անվանակոչել Շիշլիի թաղամասի փողոցներից մեկը, իրենց նման պահվածքի համար խսիտ քննադատության արժանացան մյուս կուսակցականների կողմից: Պոլսահայ մտավորականի մահվան տարելիցի միջոցառումները չանցան առանց միջադեպերի: Դինքի ծննդավայր Մալաթիայում կազմակերպված արարողության ժամանակ անհայտ անձը զենք էր հանել և ուղղել էր հավաքվածների վրա: Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ էր կիրառել Դինքի տարելիցին նվիրված քայլերթի մասնակիցների վրա՝ ձերբակալելով 20 մարդու: Իսկ Ամասիայում հիշատակի արարողությանը մասնակցելու և ելույթ ունենալու պատճառով Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Միթհաթ Չելիքը կանչվել էր հարցաքննության:

Դինքի մահվան 8-րդ տարելիցին հայերին ուղղված կոչով հանդես եկավ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ով Հրանտին անվանեց «Անատոլիայի՝ հայերի ու թուրքերի համատեղ ապագան կառուցելու համար ճանապարհներ փնտրող թանկ մտավորական»: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ վարչապետը շեշտել էր, որ անհրաժեշտ է նոր մեկնարկ տալ դրանց: Դավութօղլուի նման հայտարարությունը հայ թուրքագետները որակեցին որպես պարզունակ և արդեն հայտնի մեթոդներով թուրքական խորամանկություն:

Հունվարի 20-ին հայտնի դարձավ, որ թուրքական դատարանը չեղյալ է հայտարարել Թուրքիայում հեղաշրջման փորձ կատարելու «Էրգենեքոն» դատական գործով 6 տարի ազատազրկման պատիժ կրելուց հետո Դողու Փերինչեքի նկատմամբ ընդունված երկրից դուրս գալու արգելքը: Այսպիսով Թուրքիայի Աշխատավորական կուսակցության հայատյաց առաջնորդ Դողու Փերինչեքը կկարողանա ներկա գտնվել հունվարի 28-ին ՄԻԵԴ-ում կայանալիք դատավարությանը, որտեղ որպես ներգրավված կողմ Շվեյցարիայից բացի հանդես կգան նաև Հայաստանն ու Թուրքիան: Փերինչեքն ու նրա փաստաբանական պատվիրակությունը Ստրասբուրգ կմեկնեն հունվարի 27-ին:

Ի դեպ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այս շաբաթ կայացրեց հերթական որոշումն ընդդեմ Թուրքիայի: Թուրքական պետությունը ՄԻԵԴ-ում պարտվեց իր իսկ երկրի ազատազրկված քաղաքացիներին:

Շաբաթը զերծ չմնած նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ թուրք պաշտոնյաների անհարկի մեկնաբանություններից և հայտարարություններից: Իսլամական համագործակցություն կազմակերպության հարթակից ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ խոսեց թուրքական մեջլիսի նախագահ Ջեմիլ Չիչեքը, ով կրկնեց խնդիրը հօգուտ Ադրբեջանի կարգավորելու ադրբեջանաթուրքական զառանցանքը` եւս մեկ անգամ փաստելով, որ Թուրքիան ԼՂ հարցում անկողմնակալ լինել չի կարող:

Հայոց ցեղասպանության տարիներին հայկակական ընտանիքներից խլված գույքը հետ վերադարձնելու նպատակով հայերի նախաձեռնած իրավական պայքարի մասին տեղեկություններն այս շաբաթ լրջորեն անհանգստացրին թուրքական հասարակությանը: Հայերի սկսած իրավական պայքարի մասին «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանի հոդվածը սկսեց յուրատեսակ արագությամբ արտատպվել թուրքական ԶԼՄ-ներում: Վերջիններս արձանագրեցին, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հայերն իրավական ակտիվ պայքարի անցնելու ազդանշաններ են տալիս:

Շաբաթվա վերջին հայտնի դարձավ թուրքական պետության կողմից հայկական մշակութային հուշարձանների և կոթողների պղծման հերթական դեպքի մասին: Պոլսահայ ականավոր ճարտարապետ Կարապետ Պալյանի կորած գերեզմանաքարը հայտնաբերվեց Ստամբուլի քաղաքապետարանին պատկանող տարածքի փլուզված շենքերի շինհրապարակում: Այն մասին, թե ինչպես էր շիրմաքարը հայտնվել այդտեղ, Ստամբուլի քաղաքապետարանը հրաժարվել էր որևէ պատասխան տալ:

Արաքս Կասյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում