Վաղը Թալինում քաղաքապետի արտահերթ ընտրություններ կկայանան

Վաղը՝ օգոստոսի 5-ին, Թալինում կկայանան քաղաքապետի արտահերթ ընտրություններ:

Պաշտոնի համար կպայքարեն 5 թեկնածուներ՝ Հանրապետական կուսակցության անդամ Սարգիս Արամյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Վազգեն Խաչատրյանը, և ինքնառաջադրված անկուսակցական թեկնածուներ Էդվարդ Գրիգորյանը, Թալինի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վորոշ Խաչատրյանը և Գագիկ Կարապետյանը:

Նշենք, որ նախապես առաջադրված 8 թեկնածուներից երեքը ինքնաբացարկ էին հայտնել:

Բացի քաղաքապետի ընտրություններից, Թալինում սպասվում են նաև համայնքի ավագանու անդամի ընտրություններ: Առաջադրված են շուրջ երեք տասնյակ թեկնածուներ՝ «Բարգավաճ Հայաստան», Ժառանգություն, Հանրապետական կուսակցություններից, ինչպես նաև անկուսակցականներ:

Նշենք, որ Թալինի տարածաշրջանն ընդգրկող թիվ 15 ընտրատարածքում Թալինի նախկին քաղաքապետ ՀՀԿ-ական Մնացական Մնացականյանի՝ պատգամավոր ընտրվելուց հետո քաղաքապետի պաշտոնը թափուր էր մնացել: Ըստ որոշ տեղեկությունների, Մնացական Մնացականյանը քաղաքապետի ընտրություններում աջակցում է ոչ թե Հանրապետականի կողմից պաշտոնապես առաջադրված Սարգիս Արամյանին, այլ՝ քաղաքապետարանի աշխատակից Վորոշ Խաչատրյանին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում