Ինչու՞ է Ադրբեջանը թաքցնում իր կորուստները
Նմանատիպ
Գերասիմ Բարսեղյանը գրում է`
Ինչ խոսք, տրամաբանելու առանձնահատուկ կարողություններ պետք չեն, որպեսզի հասկանանք, թե իրականում ադրբեջանի իշխանություններն ինչու են թաքցնում իրենց կրած ծանր կորուստները: Պարզ է, դա նախևառաջ արվում է սեփական հասարակության մեջ տագնապ, խուճապ չառաջացնելու ու զորքերում մարտական ոգին բարձր պահելու և այսպիսով հզոր ու մարտունակ բանակի պատրանքը պահելու համար: Սակայն, այս ամենով հանդերձ, կա մի պատճառ նույնպես, որը բնավ երկրորդային չէ: Խոսքը վերաբերում է իրենց նախահարձակ և սանձարձակ լինելն ամեն կերպ քողարկելու քաղաքականությանը: Բնական է, եթե նրանք հայտարարեն 15-20 կամ ավելի շատ զոհերի մասին, մեծ հավանականությամբ շատերը կհասկանան, որ նման կորուստներն ավելի շուտ հարձակվող` հրադադարի նորմերը մշտապես խախտող կողմը կարող է ունենալ: Բայց դե մյուս կողմից էլ զոհվածների մարմինները հնարավոր չէ երկար պահել: Թերևս, դրանով է պայմանավորված, որ ադրբեջանական բանակում անչափ բարձր է անվտանգության պայմանները խախտելու, վթարների, էլեկտրահարման հետևանքներով զոհվածների և տարաբնույթ զավեշտալի պայմաններում մահացածների թիվը: Թե որքան ժամանակ «կենսունակ» կլինի ստի և կեղծիքի վրա հիմնված այս քաղաքականությունը՝ դժվար է ասել: Բայց որ իրականությունը նենգափոխելով, տեղեկատվական վակուում ստեղծելով՝ հնարավոր չէ երկար մոլորեցնել սեփական հասարակությանը և միջազգային հանրությանը, սա նույնպես ակներև է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում