Խադիջա Իսմայիլովային չեն շտապում ազատ արձակել

Խադիջա Իսմայիլովային չեն շտապում ազատ արձակել

Ադրբեջանցի լրագրող, «Ազատություն» ռադիոկայանի աշխատակցուհի Խադիջա Իսմայիլովայի կալանքի ժամկետը կարող է երկարաձգվել: Այս մասին հայտնել է Իսմայիլովայի փաստաբան Յալչին Իմանովը` տեղեկացնելով, որ հունվարի 27-ին Սաբաիլի շրջանային դատարանում քննվելու է իր պաշտպանյալի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու հարցը:

Իմանովը փաստել է, որ կալանքի երկարացման համար չկա որևէ հիմք և անհրաժեշտություն, քանի որ հետաքննական աշխատանքներ չեն տարվում:
Փաստաբանը հայտնել է նաև, որ իր պաշտպանյալին չեն թույլատրում տեսակցել հարազատների հետ` անօրինական համարելով դա:

Խադիջա Իսմայիլովան 2 ամիս ժամկետով կալանավորվել է դեկտեմբերի 5-ին: Նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել «Ազադլըգ» ռադիոկայանի և «Մեյդան ԹՎ» հեռուստաալիքի նախկին աշխատակից Թուրալ Մուստաֆաևի «ինքնասպանության փորձի դրդելու» հետ կապված հարուցված գործով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում