Թուրքիայում Facebook-ում լուսանկար տեղադրած զինվորները կպատժվեն

Թուրքիայում Facebook-ում լուսանկար տեղադրած զինվորները կպատժվեն

Թուրքիայում Facebook սոցիալական ցանցերում զինվորական համազգեստով լուսանկար տեղադրած զինծառայողները կարող են բանտարկվել 3 ամսից մինչեւ 2 տարի ժամկետով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ հարցը քննարկվում է Թուրքիայի ռազմական դատախազությունում:

Նշվում է, որ զինվորական համազգեստով լուսանկարը սոցիալական ցանցերում տեղադրած անձի նկատմամբ «հրամանին չենթարկվելու» հոդվածով մեղադրանք կներկայացվի, ինչը ենթադրում է 3 ամսից մինչեւ 2 տարի ազատազրկում:

Թուրքական «Միլիեթ» թերթը երեկ հայտնել է, որ Անկարայի Գյոլբաշը վարչական դատարանի որոշմամբ Թուրքիայում մասնակիորեն կարգելափակվեն մի շարք սոցիալական ցանցեր, այդ թվում` Twitter-ը եւ Facebook-ը: Դա կապված է այն բանով, որ որոշ սոցցանցերում Մուհամեդ մարգարեին վիրավորող ծաղրանկարներ են հրապարակվել եւ գրառումներ արվել:

Բացի այդ, անցյալ տարեվերջին սոցցանցերում Թուրքիայի հետախուզական կազմակերպության (MIT) կողմից Սիրիայի կառավարական ուժերի դեմ կռվող ապստամբներին եւ ահաբեկչական խմբավորումների զինյալներին զենք եւ սպառազինություն ուղարկվելու կասկածներն ապացուցող նյութեր են հրապարակվել: Մասնավորապես, տեսագրություն էր տարածվել Սիրիա զենք տեղափոխող Թուրքիայի MIT-ի մի քանի բեռնատարներ Ադանայում կանգնեցվելու եւ խուզարկվելու մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում