Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունն ահազանգում է Ձորագետի աղտոտման մասին
Նմանատիպ
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել Ձորագետի աղտոտման առնչությամբ: Times.am-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ.
«Արմանիսին հարակից տարածքում «Սագամար» ՓԲ ընկերությանը պատկանող ոսկու հանքավայրի շահագործումն սկսելուց ի վեր պարբերաբար աղտոտվում է հանքավայրին հարակից Ձորագետը:
Այս խնդրի առնչությամբ դեռեւս 2012 թվականի փետրվար ամսին Ստեփանավանի քաղաքապետարանին կից ստեղծվել էր մոնիթորինգային խումբ, որը պետք է ուսումնասիրություն իրականացներ եւ պարզեր գետի աղտոտման պատճառները: Այդ խմբի աշխատանքների եւ դրանց արդյունքների վերաբերյալ մինչ օրս որեւէ տեղեկատվություն չի հրապարակվել:
Վերոհիշատակյալ «Սագամար» ընկերությունը իր ստացած’ հանքավայրի շահագործման լիցենզային պայմանագրի համաձայն իբր պետք է աշխատի գերժամանակակից’ փակ ջրաշրջանառության եղանակով, առանց շրջակա միջավայր թափոններ արտանետելու: Հիշեցնենք, որ այդ նույն’ գերժամանակակից լուծումներով է խոստանում աշխատել նաեւ Ամուլսարի շահագործման համար տվայտվող ընկերությունը:
Օրեր առաջ հերթական անգամ գետն աղտոտվել է անհասկանալի բաղադրություն ունեցող մեծածավալ կեղտաջրերով, որի համար ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել, իսկ բնապահպանական տեսչությունը մինչ օրս որեւէ գործողություն չի կատարել: Հաշվի առնելով հայաստանյան այն իրականությունը, որ բնապահպանական տեսչությունը բացարձակ անգործության է մատնված, Հայաստանում չեն պահպանվում հանքարդյունահանող ընկերությունների լիցենզային պայմանագրերով սահմանված բնապահպանական նորմերն ու անվտանգության պայմանները:
Մենք հետամուտ ենք լինելու Ձորագետի աղտոտման պատճառները պարզելու եւ բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Կոչ ենք անում Ստեփանավան քաղաքի եւ հարակից համայնքների երիտասարդներին համախմբվել Ստեփանավանի եւ Լոռվա մարզի բնության պահպանության նպատակով: Մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել տեղի բնակիչներին հանքարդյունաբերական չարիքի դեմ պայքարելու գործում եւ ակնկալում ենք ձեր գործուն մասնակցությունը Ստեփանավանը, Թեղուտը, Ջերմուկը եւ մեր երկրի մյուս հատվածները կեղեքիչ շահագործումից պաշտպանելու համար»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում