Նախնական արդյունքներով Թալինի քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը

Երեկ’ օգոստոսի 5-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքում տեղի ունեցան քաղաքապետի ընտրություններ: Ըստ նախնական տվյալների’ Թալինի քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը:
«Ազատություն» ռադիոկայանի հաղորդած տվյալներով’ Սարգիս Արամյանը ստացել է 1217 ձայն, ինքնաառաջադրված թեկնածու, հանրապետական պատգամավոր Մնացական Մնացականյանի աջակցությունը վայելող Վորոշ Խաչատրյանը’ 840, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Վազգեն Խաչատրյանը’ 817: Ինքնաառաջադրված անկուսակցականներ’ Գագիկ Կարապետյանի օգտին քվեարկել է 190, Էդվարդ Գրիգորյանի օգտին ‘ 28 ընտրող:
Հիշեցնենք, որ Թալինի քաղաքապետի պաշտոնին հավակնում էր 5 թեկնածու’ ՀՀԿ–ական Սարգիս Արամյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վազգեն Խաչատրյանը, և անկուսակցականներ Էդվարդ Գրիգորյանը, Վորոշ Խաչատրյանն ու Գագիկ Կարապետյանը, իսկ մինչ այդ Թալինի քաղաքապետն էր ՀՀԿ-ական Մնացական Մնացականյանը, ով թիվ 15 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով մայիսի 6-ի ընտրությունների արդյունքներով պատգամավոր էր ընտրվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում