ՀՀ քաղաքացիներն արտերկրից վերադառնում են՝ զինվորական ծառայություն անցնելու համար
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները վերադառնում են արտերկրից՝ ՀՀ զինված ուժերում պարտադիր զինծառայություն անցնելու նպատակով: Այս մասին տեղեկացրել են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան:
Նախորդ տարի արտերկրից վերադարձել և ՀՀ զինված ուժեր է զորակոչվել նախկինում զինվորական հաշվառման մեջ չգտնվող և հերթական զորակոչերից խուսափած 225 մարդ, որոնցից 181-ը՝ Ռուսաստանի Դաշնությունից, 44-ը՝ այլ երկրներից: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից 2011 թվականին խուսափել են 971, այդ թվում՝ Հայաստանից բացակայող ՀՀ քաղաքացիներ:
«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի գործողության պահից մինչև 2012 թ-ի մայիսի 31-ը քաղաքացիների դիմումները քննարկող միջգերատեսչական հանձնաժողովը դրական որոշումներ է կայացրել՝ 6 հազար 153 քաղաքացու վերաբերյալ է ՀՀ ՊՆ համապատասխան հաշվեհամարին է փոխանցվել մոտ 6 մլրդ ՀՀ դրամ: Օրենքը տարածվում է դրանով նախատեսված ժամանակահատվածում (ներկայումս՝ 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2011 թվականի մայիսի 1-ը ընկած ժամանակահատվածը) «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաները՝ 35) տարին լրացած կամ մինչև 27 (35) տարին լրանալը «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած քաղաքացիների վրա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում