«Ամերիկայի սպառնալիքները չեն օգնի Ադրբեջանի քաղաքական բանտարկյալներին». The Guardian

«Ամերիկայի սպառնալիքները չեն օգնի Ադրբեջանի քաղաքական բանտարկյալներին». The Guardian

Ադրբեջանում տիրող իրադրությունը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումները, քաղաքացիական ակտիվիստների և ազատ լրագրողների հետապնդումների և ձերբակալությունների աննախադեպ աճը Ադրբեջանը և նրա առաջնորդ Իլհամ Ալիևին դարձրել են համաշխարհային առաջատար մամուլի կենտրոնական թեմաներից: Գրեթե ամեն օր այս կամ այն հեղինակավոր արևմտյան պարբերականը բարձրաձայնում է մեր հարևան դիկտատորական երկրում առաջացած խնդիրների մասին:

Բավականին ուշագրավ է The Guardian-ի էջերում տեղ գտած հոդվածը, որի հեղինակը ադրբեջանցի Մուրադ Հասանլին է: Վերջինս իր «Ամերիկայի սպառնալիքները չեն օգնի Ադրբեջանի քաղաքական բանտարկյալներին» վերնագրի ներքո շարադրել է Ադրբեջանում տիրող դրությունը և այդ ամենի նկատմամբ Արևմուտքի արձագանքի դրդապատճառները:

Հեղինակի նկատել է, որ Ադրբեջանում բազմաթիվ լրագրողների և քաղաքացիական ակտիվիստների են այս ընթացքում ձերբակալել, սակայն արևմտյան պաշտոնյաններն այս ամենի նկատմամբ լռություն էին պահպանում, սակայն իրավիճակը կտրուկ փոխվեց, երբ հերթը հասավ Ազատություն ռադիոկայանին:

Համաշխարհային մամուլում Ալիևին և նրա կառավարությանը քննադատող հոդվածների տարափ սկսվեց, որոնց մի մասը գրվում է Պետդեպարտամենտի նախկին ու ներկա աշխատակիցների կողմից:

Հոդվածագիրը դիպուկ կերպով նկատում է, որ հասարակական կազմակերպությունների, մեդիայի նկատմամբ հետապնդումները արևմտյան լրատվամիջոցները փորձում են ներկայացնել աշխարհաքաղաքական հարթությունում: Նշվում է, որ այս կերպ Բաքուն իր արտաքին քաղաքականության առանցքը թեքում է դեպի Ռուսաստան: Իսկ այս ամենի ֆոնին լրագրողների և իրավապաշտպանների ձերբակալությունները երկրորդական են դառնում:

Հեղինակը նկատում է, որ այս ամենը չի խոսում Ադրբեջանի արտաքին քաղաքականության կտրուկ փոփոխության մասին, այլ պարզապես արևմտյան կառավարությունների ազդեցությունը երկրում գնալով նվազում է, իսկ ոչ կառավարակական կազմակերպություններինը ` աճում, ինչն էլ ավտորիտար իշխանությունների կողմից վտանգ է դիտարկվում:

Իսկ տվյալ պարագայում Արևմուտքի կողմից հնչող կոչերը կամ քննադատական հոդվածները քաղաքական բանտարկյալներին չեն վերադարձնում իրենց ազատությունը:

Հեղինակն առաջարկում է Ադրբեջանի համար սրտացավ մի երկրի ոչ թե քննադատական, այլ խորհրդատվական ոճով օգնի Ադրբեջանի իշխանություններին` մշակելու ճիշտ ռազմավարությունը: Նման երկրի դերում Հասանլին տեսնում է Մեծ Բրիտանիային:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում