Ադրբեջանական կողմի սադրանքները խնդիր չեն հայկական բանակի համար. Մովսես Հակոբյան

Ադրբեջանական կողմի սադրանքները խնդիր չեն հայկական բանակի համար. Մովսես Հակոբյան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը վստահեցնում է, որ հայկական բանակն ի զորու է պաշտպանել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանները: ՀՀ նախագահական նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում Մովսես Հակոբյանն ընդգծեց, որ պատերազմը դեռևս ավարտված չէ, քանի որ խաղաղության պայմանագիր կնքված չէ: «Ուստի, սրացումներ ժամանակ առ ժամանակ լինում են և դեռ կլինեն, սակայն ադրբեջանական կողմի սադրանքները բանակի համար խնդիր չեն: Բանակը ստեղծված է հենց դրա համար, որպեսզի կարողանա դիմակայել նման ոտնձգություններին և համարժեք պատասխան տալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Հակոբյանը:

Անդրադառնալով բանակում տեղի ունեցող սերնդափոխությանը՝ նա պարզաբանեց, որ այն իր հետ բերում է բանակում նորություն, բանակի երիտասարդացում, ինչպես նաև պատասխանատվություն: «Այսօր մեր երիտասարդների համար մի փոքր դժվար է, որովհետև ինքը ոչ միայն պետք է կարողանա պահել, պահպանել ավագ սերնդի կատարածը, այլ նաև պետք է ապացուցի, որ ինքն արժանի զավակն է մեր հերոս տղաների»,- նշեց նախարարը:

ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը հայոց բանակի 23-րդ ամյա տարեդարձի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի մեդալով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում