ՄԻԵԴ-ում Փերինչեքի գործի դատավարությանը Ամալ Քլունիի մասնակցությունը համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում է

ՄԻԵԴ-ում Փերինչեքի գործի դատավարությանը Ամալ Քլունիի մասնակցությունը համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում է

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործի» լսումը և դրան հայկական կողմից մասնակցող աշխարհռչակ իրավաբան Ամալ Քլունիի մասնակցությունը գտնվում է համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, գործի քննությանն անդրադարձել են AP-ն, The Telegraph-ը, Daily mail-ը և այլ միջազգային ԶԼՄ-ներ:

«Ամալ Քլունին Հայոց ցեղասպանության հարցով իրավաբանական թիմից է» վերնագրով հոդվածում AP-ն անդրադարձել է Փերինչեքի գործի մանրամասներին և ներկայացրել Հայոց ցեղասպանության պատմությունը: Գործակալությունն ընդգծել է, որ 1915-ին ոչնչացվել է 1,5 մլն հայ և Հայոց ցեղասպանությունը համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որը մինչ օրս Թուրքիայի կողմից ենթարկվում է ժխտողական քաղաքականության:

«Ամալ Քլունին Հայոց ցեղասպանության գործով դատավարությունում Թուրքիային մեղադրում է երեսպաշտության և խոսքի ազատությունը ոտնահարելու մեջ» խորագրով հոդված է հրապարակել The Telegraph-ը: «Հայաստանը պետք է դատարանում ունենա իր օրը: Այս դատը շատ լավ հնարավորություն է Թուրքիային ցույց տալու խոսքի ազատության նկատմամբ իր սահմանափակումները: Այդ առումով մենք Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակման վերաբերյալ գտել ենք 224 դեպք»,- մեջբերել է պարբերականը Քլունիին: Վերջինս ընդգծել է, որ ցանկանում է վերականգնել Հայոց ցեղասպանության արդարությունը, քանի որ կան մարդիկ, ովքեր հարցականի տակ են դնում այդ փաստը:

Daily mail-ն իր հոդվածում ընդգծել է, որ Ամալ Քլունին եվրոպական դատարանում պայքարում է Ցեղասպանության փաստը հերքելու դեմ: Միաժամանակ անգլիական պարբերականը բացի Փերինչեքի գործի նախապտմությունից` ներկայացրել է նաև ծավալուն ֆոտոշարք դատավարությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում