ԵԽԽՎ ղեկավարը Բաքվին կրկին կոչ է արել հարգել մարդու իրավունքները

ԵԽԽՎ ղեկավարը Բաքվին կրկին կոչ է արել հարգել մարդու իրավունքները

Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ղեկավար Էնն Բարսերն ընդունել է Ադրբեջանում ձերբակալված հայտնի իրավապաշտպան «Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտ»-ի տնօրեն Լեյլա Յունուսի դստերը` Դինարա Յունուսին, եւ կոչ արել Բաքվին հարգել մարդու իրավունքները: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը: ԵԽԽՎ ղեկավարն անհանգստություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում տիրող աղետալի իրավիճակով: «Ես լրջորեն անհանգստացած եմ մարդու իրավունքների հետ կապված Ադրբեջանում իրավիճակի վատացմամբ, եւ եւս մեկ անգամ կոչ եմ անում այդ երկրի իշխանություններին հարգել ԵԽ առաջ ստանձնած սեփական պարտավորությունները», -Twitter-ի իր էջում գրել է նա` նշելով նաեւ այն մասին, որ հանդիպել է Լեյլա եւ Արիֆ Յունուսների դստեր` Դինարայի հետ:

Հունվարի 27-ին ԵԽ-ում ՙԱդրբեջանում մամուլի վրա գրոհներ՚ թեմայով լսումներ են ընթացել, որոնցում ելույթ է ունեցել նաեւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեքսը: Նա նույնպես անհանգստություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատացման առնչությամբ: Նրա խոսքով` Ադրբեջանում ճնշում է կատարվում ԵԽ հետ համագործակցող իրավապաշտպանների վրա: «Դա վրեժ է ԵԽ հետ համագործակցության համար, այդ պատճառով դա ուղղակիորեն հանդիսանում է Եվրոպայի Խորհրդի խնդիրը»,- ասել է Մուժնիեքսը:

Լեյլա Յունուսը եւ նրա ամուսին Արիֆ Յունուսը մեղադրվում են, իբր, Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ, սակայն, նրանց հետապնդելու իրական պատճառն Ադրբեջանում առկա 98 քաղաքական բանտարկյալների խնդրի ակտուալացումն է եւ միջազգային կազմակերպություններին արված` Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերը բոյկոտելու մասին կոչերն են: Լեյլա Յունուսը Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի ասպետ է:

Նա արժանացել է նաեւ 2003 թվականի օգոստոսի 19-ին Իրաքում պայթյունի հետեւանքով զոհված ՄԱԿ-ի մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատար Սերգիո Վիերիա դե Մելոնի (Sergio Vieria de Mello) անվան պարգեւի: Տեղական եւ միջազգային հանրության պաշտպանությունը սրնթաց կերպով կորցնող ալիեւյան վարչակարգն իր իշխանությունը պաշտպանելու միակ ուղին տեսնում է ադրբեջանական հասարակությանը ճնշելու եւ վախ սերմանելու մեջ: Դրա համար ադրբեջանական իշխանությունները շարունակում են քաղաքացիական հասարակության եւ մամուլի դեմ բռնաճնշումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում