Գյումրիում բացվել են «Երեխաների տուն» մանկատան հիմնանորոգված երկու մասնաշենքերը
Նմանատիպ
Այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամը հանդիսավոր պայմաններում բացեց Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան հիմնանորոգված երկու մասնաշենքերը, ասվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:
Ծրագիրն իրականացվել է Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ: Միջոցները հավաքագրվել են Հիմնադրամի բարերարներ Համո եւ Թամար Գրիգորյաններ ընտանիքի նվիրատվություններից եւ համաեվրոպական Հեռախոսամարաթոն 2011-ի արդյունքում հավաքագրված գումարից:
Բարեկարգվել են մանկատան երկու մասնաշենքերը’ ներառյալ ննջարանները, մեթոդական կաբինետները, մարմնամարզության սրահը, ճաշարանը, խոհանոցը, լվացքատունը, սանհանգույցները: Ընդհանուր առմամբ հիմնանորոգվել է 900քմ տարածք:
Բացմանը ներկա էին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ատենապետ Ժիլբեր Մոմջյանը, տեղական մարմնի վարչական անդամ Անդրանիկ Միքայելյանը, ինչպես նաեւ բարերարներ տեր եւ տիկին Գրիգորյաններն իրենց զավակների հետ:
Կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ատենապետ Ժիլբեր Մոմջյանին եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:
«Այս «տունն» անճանաչելիորեն փոխվել է այս կարճ ժամանակահատվածում: Մեր բոլորի նպատակն է, որ այս երեխաներն էլ մյուսների նման ուրախ ապրեն», – իր ողջույնի խոսքում ասաց Ժիլբեր Մոմջյանը:
«Սիրելի բարերարներ, դուք մեզ հետ միասին փոխարինում եք այս մանուկների ծնողներին: Ձեր արածը աստվածահաճո գործ է»,- իր շնորհակալական խոսքում նշեց «Երեխաների տան» տնօրեն տիկին Ավագյանը:
Իսկ բարերար Համո Գրիգորյանը, 10 հազար ԱՄՆ դոլարի կտրոնը հանձնելով Ժիլբեր Մոմջյանին’ հուզված ասաց, – ՙՄենք շատ բարերարներ ունենք եւ ամենքն էլ իրենց կարողության չափով օգտակար են, բայց պակաս կարեւոր չեն նրանք, ովքեր անձնապես կիսում են այս մանուկների առօրյա հոգսը՚:
Մանկատան շենքը կառուցվել է 1924թ.-ին եւ մինչեւ 1972թ. գործել որպես գիշերօթիկ մանկապարտեզ: 1946 եւ 1993թթ.-ին կառուցվել է եւս երկու մասնաշենք: Մանկատանը խնամք է ստանում մինչեւ 6 տարեկան ավելի քան 120 երեխա, ովքեր ունեն մտավոր եւ ֆիզիկական շեղումներ:
6 տարեկանը լրանալուն պես մանկատան սաները տեղափոխվում են դեռահասների համար նախատեսված մանկատներ, այդ թվում’ Խարբերդի մասնագիտացված եւ Երեւանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատներ: Երեխաներին տեղաբաշխելիս հաշվի են առնվում երեխաների մտավոր եւ ֆիզիկական վիճակը, ինչպես նաեւ նրանց վիճակի բարելավման հնարավորությունները: Օրինակ, տեսողական խնդիրներ ունեցող երեխաներն էլ տեղափոխվում են ապրելու եւ ուսանելու Երեւանի տեսողական խնդիրներ ունեցող երեխաների թիվ 14 գիշերօթիկ դպրոցում: Անհրաժեշտ բժշկական միջամտությունից հետո, բարելավված առողջական վիճակ ունեցող երեխաները ծնողների ցանկությամբ կարող են վերադառնալ ընտանիք:
ՙՄենք որոշել էինք Հիմնադրամի 20-ամյակը նշել ո’չ թե հանդիսություններով ու հրավառությանբ, այլ ամենատարբեր ծրագրերի բացումներով: Այդ շարքը սկսեցինք տարեսկզբին Արցախում եւ կշարունակենք ողջ տարվա ընթացքում՚, բացման հանդիսությունը եզրափակեց Հիմնադրամի տնօրեն Արա վարդանյանը :
Հետևեք մեզ նաև Telegram-ում