Օգոստոսի 1-ից ԱՊՊԱ պայմանագրերը կնքվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից տեղեկացնում են, որ համաձայն ԱՊՊԱ պայմանագրերի կնքման գործընթացին ներկայացվող նոր պահանջների՝ սույն թվականի օգոստոսի 1-ից ԱՊՊԱ պայմանագրերը կնքվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ ԱՊՊԱ վկայագրերը ապահովադիրներին տրամադրվելու են բացառապս տպագիր ձևով:

Նշված փոփոխությունը միտված է օժանդակելու ԱՊՊԱ պայմանագրի կնքման գործընթացի արդյունավետության, ապահովադիրների սպասարկման որակի և ԱՊՊԱ համակարգի սպառողների բավարարվածության բարձրացմանը: Նոր համակարգը թույլ կտա հնարավորինս բացառել պայմանագրում նշվող տեղեկությունների մուտքագրման ընթացքում հնարավոր անճշտությունները, ինչը կարևոր է պայմանագրի գործողության ընթացքում հետագա հնարավոր հատուցումների անխոչընդոտ իրականացման համար: Վկայագրի տպագիր ձևի շնորհիվ սպառողը հնարավորություն կունենա հեշտությամբ ծանոթանալ ԱՊՊԱ պայմանագրի հիմնական պայմաններին՝ այն ստորագրելուց առաջ:

Պայմանագրերի կնքման էլեկտրոնային եղանակը թույլ կտա նաև ապահովել ԱՊՊԱ համակարգի տվյալների առավելագույն ճշգրտությունն ու ամբողջականությունը, ինչը հանդիսանում է ապահովադիրների շահերի պաշտպանության համակարգի կարևոր տարր: Տվյալների էլեկտրոնային շրջանառության իրականացումը հնարավորություն կտա ՀՀ կենտրոնական բանկին և Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյին ԱՊՊԱ պայմանագրերի կնքման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը դարձնել առավել արդյունավետ:

Գործող ԱՊՊԱ տեղեկատվական համակարգը սերտորեն կապված է ՀՀ ճանապարհային ոստիկանության տեղեկատվական-փնտրողական միասնական համակարգին, հետևաբար այս համակարգերի առցանց համագործակցությունը հնարավորինս կբացառի նաև ԱՊՊԱ ոլորտում հնարավոր կեղծիքների իրականացումը:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է ավտոսեփականատերերին առավել հետևողական լինել իրենց շահերի պաշտպանությանը և ԱՊՊԱ կտրոնի հետ միասին պարտադիր պահանջել տպագիր եղանակով կազմված ԱՊՊԱ վկայագիրը, ծանոթանալ դրա բովանդակությանը և հավաստիանալ, որ այն պատշաճ ստորագրված (կնքված) է ապահովագրական ընկերության անունից: Առանց օրենքի պահանջներին բավարարող ԱՊՊԱ վկայագիր ունենալու ԱՊՊԱ կտրոնը տրանսպորտային միջոցին փակցնելը չի հանգեցնում ապահովագրման պարտադիր պահանջի կատարման և կարող է բերել օրենքով սահմանված պատասխանատվության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում