Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ մեկնարկել է Ֆրանսիայում Ցեղասպանության տարելիցի միջոցառումների ծրագիրը

Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ մեկնարկել է Ֆրանսիայում Ցեղասպանության տարելիցի միջոցառումների ծրագիրը

Փարիզում հունվարի 28-ին տեղի է ունեցել Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա հանդիսավոր ընթրիքը, որն առաջին անգամ անցկացվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Նախագահին ուղեկցել են Ֆրանսիայի կառավարության անդամներ` Եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը և Նախկին ռազմիկների և հիշատակի պետքարտուղար Ժան-Մարկ Տոդեսկինին, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: Հրավիրյալների շարքում են եղել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը, Ֆրանսիայի պետական և տեղական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, պատգամավորներ, սենատորներ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ և հոգևոր հայրեր:

Ֆրանսիայի նախագահը հանդես է եկել պաշտոնական ելույթով, որում, մասնավորապես, կոչ է արել թուրքական իշխանություններին ջանքեր գործադրել ճշմարտությանը առերեսվելու ուղղությամբ և հույս է հայտնել, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը իրողության ճանաչման ճանապարհի նոր փուլեր անցնելու և գործընթացին նոր շունչ տալու առիթ կհանդիսանա: Խոսելով Հայոց ցեղասպանության ժխտողականության մասին` նախագահ Օլանդն ընդգծել է. «Խոսքի ազատությունը, որ մենք ամեն գնով ցանկանում ենք պաշտպանել, երբեք չպետք է իրողության խեղաթյուրման միջոց դառնա» և այն «չի հանդուրժի երբեք մարդկության դեմ ուղղված հանցագործության արդարացումներ»:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ նախագահ Օլանդը նշել է, որ Ֆրանսիան չի հանձնվելու և շարունակելու է իր ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Ֆրանսուա Օլանդն իր ելույթում վերահաստատել է 2015թ. ապրիլի 24-ին Երևան այցելելու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ֆրանսիայի անունից հարգանքի տուրք մատուցելու իր որոշումը: «Այսօր, երբ մեր երկիրը դարձել է բարբարոսության, անհանդուրժողականության, ատելության, ահաբեկչության թիրախ, Դու՛ք, Ֆրանսիայի հայե՛ր, արժանապատվության օրինակ եք տալիս մեզ բոլորիս, ինչը ձեր և մեր բոլորիս հպարտությունն է»,- ավարտել է իր ելույթը Ֆրանսիայի նախագահը:

Ելույթներով են հանդես եկել Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը, Մուրադ Փափազյանը և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնախմբի (Mission 2015) ղեկավար Ալեքսի Գովցյանը: Միջոցառման ընթացքում Շառլ Ազնավուրը պարգևատրվել է «CCAF Արիության շքանշանով»:

Այնուհետև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնախմբի կողմից հյուրերին ներկայացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների լայնածավալ ծրագիրը, որը 2015թ. ողջ ընթացքում իրականացվելու է Ֆրանսիայի հարյուրավոր քաղաքներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում