Թուրքիայում և Ադրբեջանում խոսքի ազատության մասին Նաիրա Կարապետյանի ելույթը ԵԽԽՎ-ում
Նմանատիպ
Նաիրա Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`
Խոսքի ազատությունը ժողովրդավարության հիմնաքարն է, ինչպես նաև փորձնաքարը բոլոր իրավունքների, որոնց պաշտպանությանն է ուղղված Եվրոպայի խորհրդի գործունեությունը: Ցանկացած երկրի համար ցուցանիշ են հանդիսանում տվյալ երկրում խոսքի, զանգվածային լրատվության միջոցների ազատության և ժողովրդավարության, օրենքի իշխանության և կառավարման միջև ուղիղ կապը և հարաբերակցությունը:
Այս տեսակյունից ելնելով` բավականին մտահոգում է լրագրողների ազատության և զանգվածային լրատվության մակարդակի անկումը Եվրոպայում: Մասնավորապես խոսքս վերաբերում է Թուրքիայում լրագրողների դեմ հատուկ ծրագրավորվող և իրականացվող ֆիզիկական հարձակումներին: Այս երկրում անհրաժեշտ է համապարփակ իրավաբանական հետաքննության ենթարկել ԶԼՄ-ների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, քաղաքական գործիչների դեմ ուղղված հարձակման բազմաթիվ դեպքերը: Ինչպես գիտեք, Թուրքիայում երկար ժամանակ արգելված են եղել YouTube-ն ու Twitter-ը: 2013թ. Գեզի այգում տեղի ունեցած լայնամասշտաբ ցույցերի ժամանակ ոստիկանությունը, ըստ բազմաթիվ տեղեկությունների, հարձակվել է դեպքերը լուսաբանող 105 լրագրողների վրա:
Ներկայումս թուրք լրագրողների անվտանգությանն ու մասնագիտական անկախությանը սպառնում են այնպիսի երևույթներ, ինչպիսիք են նրանց գործունեությունը զգալիորեն սահմանափակող օրենքները, հարյուրավոր կասկածելի քրեական հետախուզությունները, բազմաթիվ լրագրողների դեմ ուղղված հետապնդումները, ինտերնետ մուտք գործելու սահմանափակումները, կառավարության աննախադեպ միջամտությունը լրատվական միջոցների աշխատանքին և կառավարության հասցեին հնչող քննադատության հանդեպ վերջինի անհանդուրժողական քաղաքականությունը: Ամենավատն այն է, որ ըստ որոշ զեկույցների նախկին վարչապետ և գործող նախագահ Էրդողանը բացեիբաց անմիջական ճնշում է գործադրում ԶԼՄ-ների ղեկավարների վրա և նույնիսկ շանտաժի ենթարկում լրագրողներին:
Բարդ իրավիճակ է նաև Եվրոպայի խորհրդի անդամ մեկ այլ երկրում` Ադրբեջանում, և ես կոչ եմ անում Եվրոպայի խորհրդին հատուկ ուշադրություն դարձնել այստեղ լրագրողների դեմ իրականացվող բռնության դեպքերին: Թերևս այստեղ իրավիճակն ավելի վատ է, քան Թուրքիայում, իսկ 2014թ. ընթացքում այն միայն վատացել է: Մասնավորապես կարելի է հիշել կառավարության կողմից հովանավորվող մարդկանց միջոցով ֆիզիկական բռնությունների բազմաթիվ դեպքեր, շինծու մեղադրանքներով ձերբակալություններ, դատական հետապնդումներ, շանտաժի ենթարկելու բազմաթիվ փորձեր:
Լրագրողներ Էլմար Հուսեյնովի և Ռաֆիկ Տագիի սպանությունները` համապատասխանաբար 2005 և 2001 թվականներին, շարունակում են մնալ չբացահայտված, ինչը երկրում անպատժելիության մթնոլորտ է տարածում: Տասնյակ լրագրողներ տարբեր քաղաքական դրդապատճառներով գտնվում են կալանքի տակ: Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար փակում են անկախ լրատվական միջոցներ, ոչ իշխանական քաղաքական կուսակցություններ և ոչ կառավարական կազմակերպություններ:
Անհանգստաղնող պայքար է իրականացվում Ազատություն ռադիոկայանի ադրբեջանական ծառայության և Ռադիո Ազադլիքի լրագրող Խաջիդա Իսմայիլովայի հանդեպ: Ըստ երևույթին, դրա նպատակն է թույլ չտալ հոդվածներ հրապարակել Ադրբեջանի նախագահի և նրա ընտանիքի անդամների բիզնես գործարքների վերաբերյալ: 2014թ. դեկտեմբերին ոստիկանների և հետաքննիչների մի խումբ ներխուժել էր Ազատություն ռադիոկայանի Բաքվի գրասենյակ, խուզարկել և բռնագրավել ընկերության փաստաթղթերը, պաշտոնական դրոշմակնիքն ու սարքավորումները՝ աշխատակազմին ժամերով պատանդ պահելով: Խուզարկության ավարտից հետո գրասենյակը փակվել է: Մեկ այլ օրինակ` 2014թ. օգոստոսի 21-ին Ազատություն ռադիոկայանի և Թուրան լրատվական գործակալության աշխատակից, հայտնի լրագրող Իլգար Նասիբովը իր աշխատասենյակում հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից, ինչի արդյունքում ստացել է ծանր մարմնական վնասվածքներ՝ ուղեղի ցնցում, դեմքի և կողերի կոտրվածքներ:
Ցավոք, մարդու իրավունքներն ու ԶԼՄ-ների ազատությունը այլ երկրներում ևս վտանգավոր պայմաններում են: Այս տեսանկյունից մենք ողջունում և աջակցում ենք Եվրոպայի խորհրդի նախաձեռնությունը և միջազգային հանրության ջանքերն՝ ուղղված անպատժելիության վերացմանը: Սա առաջնահերթ հարց է ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության գործում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում