Լեյլա Յունուսի առողջական վիճակը լուրջ է. գերմանացի բժիշկ

Լեյլա Յունուսի առողջական վիճակը լուրջ է. գերմանացի բժիշկ

Գերմանացի բժիշկ Քրիստան Վիտտը հաստատել է Ադրբեջանում ձերբակալված հայտնի իրվապաշտպան Լեյլա Յունուսի լուրջ հիվանդությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, Լեյլա Յունոսին հայտնել է բժիշկն` ինքը` հունվարի 26-ին նրան կրկին այցելելու ժամանակ:

Ք.Վիտտի կողմից առաջին զննումը եւ արյան անալիզը կատարվել էր գրեթե մեկ ամիս առաջ` դեկտեմբերի 30-ին:

Ք.Վիտտի խոսքով` արյան անալիզը ցույց է տվել, որ Լ.Յունուսի մոտ իրականում լյարդի քայքայման գործընթաց է սկսվել: Նա շարունակում է նիհարել եւ 6 ամիսների ընթացքում կորցրել է 16 կգ քաշ (62 կգ-ից մինչեւ 46 կգ):

Բժշկի կարծիքով` դա ակնառու կերպով հաստատում է, որ նրա օրգանիզմում անշրջելի գործընթացներ են: Այս տեղեկությունը Լ.Յունուսը «Թուրան»-ին փոխանցել է իր փաստաբան Էլչին Համբարովի միջոցով:

Ադրբեջանի խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը ձերբակալվել է 2014 թ-ի հուլիսի 30-ին: Լեյլա Յունուսը եւ նրա ամսուսին Արիֆ Յունուսը մեղադրվում են, իբր, Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ, սակայն, նրանց հետապնդելու իրական պատճառը Ադրբեջանում առկա 98 քաղաքական բանտարկյալների խնդրի բարձրաձայնումն է եւ միջազգային կազմակերպություններին արված` Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերը բոյկոտելու մասին կոչերն են:

Լեյլա Յունուսը Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի ասպետ է: Նա արժանացել է նաեւ 2003 թվականի օգոստոսի 19-ին Իրաքում պայթյունի հետեւանքով զոհված` ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատար Սերգիո Վիերիա դե Մելոնի (Sergio Vieria de Mello) անվան պարգեւի:

Տեղական եւ միջազգային հանրության պաշտպանությունը սրընթաց կերպով կորցնող ալիեւյան վարչակարգն իր իշխանությունը պաշտպանելու միակ ուղին տեսնում է ադրբեջանական հասարակությանը ճնշելու եւ վախ սերմանելու մեջ: Դրա համար ադրբեջանական իշխանությունները շարունակում են քաղաքացիական հասարակության եւ մամուլի դեմ բռնաճնշումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում