Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը
Նմանատիպ
Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`
“Այսօրվա նիստում նախատեսում ենք ընդունել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը: Անշուշտ, սա կարևորագույն մի փաստաթուղթ է, որը բացառիկ է թե՛ իր ձևով, թե՛ բովանդակությամբ: Առաջին անգամ մենք ընդունում ենք համազգային նշանակության մի փաստաթուղթ ոչ թե պետական որևէ կառույցի միջոցով, ոչ թե մեր ազգի ներկայացուցիչների առանձնացված հատվածներով, այլ ողջ հայ ժողովուրդը ներկայացնող բոլոր հիմնական կառույցների ներգրավմամբ:
Հռչակագրի վրա աշխատել և իրենց հավանությունն են տվել թե՛ Հայաստանի Հանրապետության պետական բոլոր մարմինները, թե՛ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր բոլոր նվիրապետական աթոռներով, թե՛ սփյուռքի խոշորագույն հոգևոր, բարեգործական, կուսակցական, մշակութային և այլ կառույցները:
Մեզ շատ էին մեղադրում այն բանում, թե ինքներս էլ չգիտենք՝ ինչ ենք պահանջում աշխարհից և Թուրքիայից Հայոց ցեղասպանության հարցում: Արդյո՞ք ակնկալում ենք քաղաքական ճանաչումներ տարբեր պետությունների կողմից: Ի՞նչ սպասելիքներ ունենք Թուրքիայից: Ի՞նչ է մեր ուզածը և մեր պայքարի հիմքը: Ո՞ւր ենք քայլում, և ո՞րն է մեր պատգամը ապագա սերունդներին:
Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում այսօրվա նիստին մասնակցելու հրավիրված մեր խմբագրական հանձնախմբի բոլոր անդամներին` կատարած հսկայական և հմուտ աշխատանքի համար, շնորհակալ եմ պետական հանձնաժողովի և տարածաշրջանային հանձնախմբերի անդամներին, ովքեր հարյուրավոր առաջարկություններ, լրացումներ և փոփոխություններ են բերել փաստաթղթի մշակման ընթացքում: Կարծում եմ, որ արդյունքում ստացվել է կուռ և համապարփակ մի տեքստ, որը կդառնա և՛ 100-րդ տարելիցի միջոցառումների գաղափարական հենքը, և՛ մեր հետագա գործողությունների ուղեցույցը:
Հանձնաժողովում հաստատվելուց հետո Հռչակագիրը կհրապարակվի 7 լեզուներով, նաև արևմտահայերեն: Այդպես այն հասու կլինի բոլոր հետաքրքրվողների համար: Խնդրում եմ հանձնաժողովի և տարածաշրջանային հանձնախմբերի բոլոր անդամներին, մեր դիվանագետներին, լրագրողներին, մանկավարժներին, 100-րդ տարելիցին անդրադարձ կատարող մեր բոլոր հայրենակիցներին՝ առաջնորդվել հենց այս տեքստով և դրանում պարունակվող դրույթներով` մեր ձայնն ավելի լսելի դարձնելու և մոտեցումների միասնականությունն ապահովելու նպատակով:”
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան