Լիովին համաձայն եմ փոքր ու միջին ձեռներեցների պահանջին. Կարեն Կարապետյան
Նմանատիպ
«Շրջանառության հարկի մասին» չարաբաստիկ օրենքը կարծես պատուհաս է դարձել ոչ միայն փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների, այլև կառավարության համար: Անսխալական մարդիկ չեն լինում, կարևորը ժամանակին սխալը շտկելու ունակությունն է: Այնինչ, օրենքի հեղինակների կողմից կատարված սխալն ընդունելու քաջության բացակայության արդյունքում հազարավոր մարդիկ չեն գտնում իրենց հարցի լուծման այլ ճանապարհ, քան փողոց դուրս գալն է: Փաստը մնում է փաստ, որ հանրապետության տարբեր բնակավայրերի փոքր ու միջին ձեռներեցության բազմաթիվ ներկայացուցիչներ փորձում են իրենց պահանջը հասցնել պատկան մարմիններին: Կտրականապես դեմ լինելով որևէ հարցում ծայրահեղ ցանկացած քայլի, այդուամենայնիվ չեմ կարող մեղադրել այդ մարդկանց, որ իրենց պահանջը չկատարելու դեպքում սպառնում են գործադուլով: Հարցն այն է, որ այսպես թե այնպես, օրենքի կիրառումը լուրջ հարվածներ է հասցնելու փոքր ու միջին ձեռներեցությամբ զբաղվող այս քաղաքացիներին, ուստի հասկանալի է իրենց տրամաբանությունը, թե ավելի լավ է չաշխատել, քան վնասներ կրել:
Ես առիթ ունեցել եմ քանիցս իմ տեսակետն արտահայտել այս հարցի կապակցությամբ և հիմա էլ իմ համաձայնությունն եմ հայտնում այդ քաղաքացիների հետ, որ այս օրենքն առաջին հերթին մեծ ռիսկայնություն է պարունակում կոռուպցիայի տեսակետից, քանզի հավելյալ սուբյեկտիվ հնարավորություններ են ընձեռվում հարկային մարմիններին: Մյուս կողմից, իսկապես անթույլատրելի է խոշոր բիզնեսը ստվերից դուրս բերել փոքր ու միջին ձեռներեցության միջոցով, քանի որ, ինչպես արդարացիորեն նշում են վերջիններիս ներկայացուցիչները, փոքրերը տուժելու են, քանի որ մեծերն ունեն ավելի շատ լծակներ իրենց ճնշելու համար: Ուղղակի անթույլատրելի եմ համարում նման հակադրության ձևավորումը, առավել ևս ի վնաս փոքր ու միջին բիզնեսի: Վստահ եմ, որ համապատասխան մարմինները շատ լավ գիտեն ստվերում գտնվողների տեղը ու խոշոր ձեռներեցների իրական շրջանառությունը: Իսկ եթե չգիտեն, ապա մնում է տարակուսել, թե ինչի համար են հարկատուների հաշվին պահվում այդ կառույցները:
Մարդիկ պարզ հայտարարում են, որ պատրաստ են վճարել 3.5 տոկոս, նույնիսկ ավելին, միայն թե չընկնեն փաստաթղթավորման դժվարին ու անիմաստ քաշքշուկների մեջ և անընդհատ չգտնվեն տուգանվելու վտանգի տակ: Առավել ևս, որ նրանց գերակշիռ մեծամասնությունն ի վիճակի չէ հավելյալ ծախսեր կատարել հաշվապահի ու իրավաբանի համար: Հատկապես հիմա, երբ արտագաղթի զգալի չափերի ու մարդկանց գնողունակության անկման արդյունքում արդեն իսկ զգալիորեն տուժում են հատկապես ՓՄՁ ներկայացուցիչները:
Եթե չենք կասեցնում այս օրենքը, մենք փաստացի վտանգում են աղքատության շեմին գտնվող մարդկանց շարքերը համալրել հազարավոր նոր ընտանիքներով: Այնինչ այդ մարդիկ այսօր կարողանում են հոգալ իրենց ընտանիքների հանապազօրյա հացի խնդիրը` փաստացի պետությունից ոչինչ չակնկալելով: Թեպետ իրականում պետությունը պարտավոր է ոչ միայն չխանգարել ու չխոչընդոտել, այլև իրական քայլեր ձեռնարկել փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար: Ուսումնասիրեք տարբեր երկրներում, հատկապես Ռուսաստանի Դաշնությունում առկա իրավիճակը, տնտեսական վիճակի բացասական դինամիկան ու վերջինիս հնարավոր ազդեցությունը մեր երկրի տնտեսության վրա, և առավել քան պարզ կլինի, թե ինչ վտանգներով են հղի ճնշումները ՓՄՁ նկատմամբ: Հնարավոր է, որ տարիներ անց այս օրենքն արդիական կլինի, սակայն իմ սուբյեկտիվ կարծիքով այսօր դրա ժամանակը չէ: Այսօր նույնիսկ էժան ու երկար վարկերով կամ այլ միջոցներով աջակցության խնդիր չի դրված, այլ հստակ քայլերով փոքր ու միջին բիզնեսի զարգացմանն ու մրցունակությանը նպաստելու: Հակառակ դեպքում հասնելու ենք նրան, որ այս մարդիկ էլ գործազուրկ դառնան, թողնեն ու հեռանան սեփական երկրից:
Մյուս կողմից, խնդիրը ոչ միայն տնտեսական դաշտում է, այլև քաղաքական: Ուստի ինձ համար զարմանալի է քաղաքական ուժերի մեծ մասի անտարբերությունը, կարծես իրենց առանձնապես չեն հետաքրքրում հազարավոր մարդկանց ճակատագրերը: Հիմա մենք խնդիր ունենք կայացնել առաջին հերթին քաղաքական որոշում: Ուստի ես կոչ եմ անում որոշումներ կայացնելու իրավասությամբ օժտված իմ կուսակիցներին՝ սթափ գնահատել իրավիճակը և սեփական սխալն ընդունելու համարձակություն դրսևորել: Ինքս լիովին համաձայն եմ բողոքողների պահանջին՝ Կասեցում…
Կարեն Կարապետյան
ԱԺ պատգամավոր