«Հրապարակ». Քաջարանը փոքրիկ Սիրիա է, Մաքսիմն էլ Բաշար Ասադն է
Նմանատիպ
Սեպտեմբերի 9-ին Քաջարանում եւս քաղաքապետ են ընտրելու, գրում է «Հրապարակը»: Օգոստոսի 5-ից սկսվել է առաջադրման ժամկետը, սակայն այստեղ դեռեւս առաջադրումներ չկան:
Սպասվում է, որ առաջադրվելու է գործող քաղաքապետ, հանրապետական Վարդան Գեւորգյանը: Քաջարանը, որի քաղաքական շնչառությունը պղնձամոլիբդենային կոմբինատն է թելադրում, մի մեծ աշխատանքային կոլեկտիվի է նման, մեկ մարդու’ կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի դեմքին նայող: Քաջարանում նույնիսկ կատակում են’ «Մեր քաղաքը փոքրիկ Սիրիա է, Մաքսիմն էլ Բաշար Ասադն է»:
Կոմբինատի տնօրենը ոչ միայն Քաջարանի, այլեւ հարեւան քաղաքների’ Կապանի, Գորիսի համայնքապետերի ընտրությանն է միջամտում: Անցյալ ընտրություններում նա պաշտպանել էր Կապանի գործող քաղաքապետ, դաշնակցական Արտուր Աթայանին, սակայն Սյունիքում խոսում են, որ Մաքսիմ Հակոբյանն այս անգամ որոշել է պասիվ մնալ, եւ հարցական է՝ կպաշտպանի՞ արդյոք ՀՀԿ-ից առաջադրված Աշոտ Հարությունյանին, թե՞ ոչ:
Քաջարանցիներն ընդհանուր առմամբ վատ չեն վերաբերվում իրենց քաղաքապետին: Նշում են, որ Վարդան Գեւորգյանը կռված տղա է, «Մաքսիմենց հետ լավ է», իրեն հասարակ է պահում եւ ամեն մեկի հետ լեզու է գտնում, բայց մի թերություն ունի’ թույլ տղա է: «Լիսկայի, մեկ էլ Մաքսիմի արանքը որտեղ դնեն, այնտեղ էլ կմնա», – պատմեց մեզ ծանոթ քաջարանցի երիտասարդը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում